Հայաստանում 1500-2000 հայերի, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի սպաների, մշակութային և քաղաքական գործիչների գնդակահարությունը կազմակերպելու նպատակով ԽՍՀՄ ներքին գործերի ժողկոմ Եժովի միջոցով Ստալինին ուղղված իր դիմում-խնդրանքով, ինչպես նաև Արցախը, Նախիջևանն ու Գարդմանքը Խորհրդային Ադրբեջանի կազմում թողնելու, Հայկական հարցը միջազգային ասպարեզից հեռացնելու անխախտ դիրքորոշումով և պահանջով հայտնի քաղաքական գործիչ Անաստաս Միկոյանի արձանը տեղադրելու հարցը շարունակում է քննարկման առարկա մնալ:
ՀՀԿ-ական Սուքիաս Ավետիսյանն այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Միկոյանի արձանի տեղադրման հարցին` ասաց, որ երբ ուսումնասիրում ես պատմությունը` տարբեր դրվագներ կան. հայ ազգի շահերը պաշտպանող կամ հակառակը:
«Հիմնավոր փաստեր, կարծում եմ, եղել են, որ նման որոշում է կայացվել: Թողնենք պատմաբաններին, ովքեր փաստերով կխոսեն»,-ասաց նա:
ԲՀԿ-ական պատգամավոր Լյովա Խաչատրյանն էլ ասաց, թե եթե բոլոր հարցերը լուծված են, կարելի է արձան դնել, բայց 30-40 տոկոս աղքատության դեպքում փող ծախսել արձանի համար, նպատակահարմար չէ:
«Միկոյանի կիսանդրին տեսնում եմ կեսը սև, կեսը սպիտակ և կցանկանայի սպիտակի տակ տեսնել Անաստաս Միկոյան, սևի տակ` սրիկա, կամ ճիվաղ: Դա իր բնորոշումն է: Ինքն իր հուշերում գրել է. «Մենք սրիկաներ ենք»»,-նկատեց պատգամավորը: