Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացով զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խումբը եզրափակել է այցը տարածաշրջան: Այս մասին «Թվիթթեր»-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը: «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները եզրափակել են այցը տարածաշրջան»,- գրել է նա:
Նշենք, որ փետրվարի 18-ին համանախագահները մեկնել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, որտեղ նրանց ընդունել էր նախագահ Բակո Սահակյանը:Արցախյան այցից հետո համանախագահները կրկին վերադարձել էին Հայաստան` հանդիպելու ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին: Հանդիպման ժամանակ քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերի շփման գծում տիրող իրավիճակը, համանախագահների հետ նույն ձևաչափով նախորդ հանդիպումից ի վեր տեղի ունեցած զարգացումները: ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է առաջնագծում վերջին շրջանում տեղի ունեցած հիմնական պատահարները, լարվածության կտրուկ աճը պայմանավորող հնարավոր գործոների մասին իր տեսակետները: Կողմերը մտահոգություն են հայտնել վերջին ամիսներին հակամարտող ուժերի միջև շփման գծում իրավիճակի թեժացման կապակցությամբ: