▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մոսկվայում տեղի ունեցավ Հայաստանի եւ Ադրբեջանի հոգեւոր առաջնորդների հանդիպումը

 

Սեպտեմբերի 8-ին Մոսկվայում (Ռուսաստանի Դաշնություն)՝ Ս. Դանիելի պատրիարքանիստ վանքում, հրավերով Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքի, տեղի ունեցավ Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի հոգեւոր առաջնորդների հանդիպումը։

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ, եռակողմ հանդիպման ընթացքում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր խոսքն ուղղեց Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքին եւ Կովկասի մահմեդականների վարչության նախագահ շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշա Զադեին:

«Մեր ժողովուրդների կյանքում բաղձալի խաղաղության հաստատման հույսով ենք մեր քայլերն ուղղում այս հանդիպումներին` քննարկելու ուղիները, որոնցով հոգեւոր առաջնորդներս կարող ենք նպաստել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը:

Այսօր, ցավոք, զգալի չեն ներդրվող ջանքերի արդյունքները, սակայն շատ ավելի մեծ եւ առարկայական են մեր ժողովուրդների սպասումները խաղաղ համակեցության այս փնտրտուքի մեջ:

Այս առումով դրական արդյունքներ ենք ակնկալում ժամանակ առ ժամանակ կազմակերպվող Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների եւ ԱԳՆ նախարարների հանդիպումներից ու բանակցային ողջ գործընթացից:

Հակառակ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումների արդյունքում կատարվող հայտարարությունների, հոգեւոր առաջնորդներիս կոչերի եւ պատգամների, այսօր հրադադարի պայմաններում շարունակում է լարված մնալ իրավիճակը սահմանագծում, շարունակում են զոհվել զինվորներ եւ երբեմն նաեւ սահմանամերձ բնակավայրերի խաղաղ բնակիչներ: Հատկապես մտահոգիչ ենք համարում քաղաքացիական բնակչության թիկունքում պատսպարվելու եւ այն միտումնավոր թիրախի վերածելու դեպքերը:

Սահմանից անդին չեն դադարում ռազմատենչ կոչերը, աճող սպառազինության վերաբերյալ հայտարարությունները: Այս ամենը մեծապես վտանգում է փոխվստահության եւ փոխըմբռնողության ոգու մթնոլորտի ձեւավորմանն ուղղված ջանքերը եւ, սասանելով արդեն իսկ փխրուն հրադադարը, վերափոխում հակամարտության ուժգնացման մի նոր իրողության, որին ականատես դարձանք 2016 թվականի ապրիլին, երբ ադրբեջանական զինված ուժերի կողմից սանձազերծվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ: Ամենքիս հայտնի է այդ օրերի ժամանակագրությունը, փաստագրված նաեւ միջազգային հանրության կողմից, մարտի դաշտում զոհված զինվորների, ինչպես նաեւ խաղաղ բնակչության նկատմամբ կատարված խոշտանգումները, վայրագություններն ու բռնությունները, պատճառված կորուստներն ու ավերները:

Մտաբերելով այս դեպքերը` բնական հարց է ծագում` ինչպե՞ս կարող են պահպանվել իրավիճակի կայունությունը ու խաղաղությունը, երբ այդ ուղղությամբ գործադրվող ջանքերը միակողմանի են: Ինչպե՞ս կարող ենք հասնել խաղաղության, երբ ջանք եւ միջոց չի խնայվում բոլոր հնարավոր եւ անհնարին ճանապարհներով սեփական բնակչության մեջ ատելություն ու թշնամանք սերմանելու հարեւան հայ ժողովրդի նկատմամբ, իսկ հայկական կողմի եւ միջազգային հանրության արդարացի եւ օբյեկտիվ գնահատականները հակադարձելու անհիմն մեղադրանքներով:

Մեր տարածաշրջանում խաղաղությունն այլընտրանք չունի, ինչպես եւ` ղարաբաղյան հակամարտության կարգավորումը` բացառապես բանակցությունների միջոցով: Այլընտրանք չունի նաեւ Արցախի մեր հավատավոր ժողովրդի ազատ եւ անկախ կյանքը:

Այսօր հրամայական է, որ կամք եւ հանձնառություն դրսեւորվի` հիմնախնդրի լուծումը փնտրելու միմիայն բանակցային հարթության մեջ եւ կասեցնելու հրադադարի խախտման դրսեւորումները, սահմաններից հեռացնելու դիպուկահարներին, դադարեցնելու անդադար գնդակոծումները եւ այլեւս պատճառ չդառնալու հրադադարի պայմաններում ընտանիքների դժբախտացման` անվտանգ պահելով մեր զինվորագրված զավակների կյանքը: Յուրաքանչյուր փամփուշտ, որ արձակվում է Աստծո արարածի դեմ, նաեւ Աստծո դեմ է»,- իր խոսքում նշել է Գարեգին Բ-ն:

Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի հոգևոր առաջնորդները հանդես եկան համատեղ հայտարարությամբ

«Այսօր մենք՝ ադրբեջանցի և հայ ժողովուրդների հոգևոր առաջնորդներս, կրկին հանդիպեցինք Մոսկվայում Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքի հրավերով՝ քննարկելու ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղիները, առանց որոնց հնարավոր չէ հասնել Կովկասում հաշտության և անվտանգության։

Մենք հատուկ նշանակություն ենք ընծայում խաղաղարարական երկխոսության հետևողական զարգացմանը, բանակցությունների շարունակմանը և միջազգային հանրության միջնորդական ջանքերին, որոնք կօգնեն հասնել հակամարտության համապարփակ կարգավորմանը։

Համոզված ենք, որ տարաձայնությունները կարելի է հաղթահարել՝ հենվելով բարիդրացիության սկզբունքների և ավանդական կրոնների կողմից քարոզվող բարոյական արժեքների ՝ բարության, մերձավորի նկատմամբ սիրո, փոխադարձ ներողամտության և բարեգթության վրա։

Հայ և ադրբեջանցի ժողովուրդները մշտապես ապրելու են կողք կողքի, այդ իսկ պատճառով չկա այլընտրանք, քան խաղաղությունն ու համագործակցությունը։ Բազմաթիվ մարտահրավերների առջև մենք՝ մեր ժողովուրդների հոգևոր առաջնորդներս, պարտավոր ենք փնտրել համատեղ պատասխաններ։

Աղոթում ենք խաղաղության պահպանման և հակամարտության հետ առնչված բոլոր հումանիտար խնդիրների շուտափույթ լուծման համար և առ այդ հորդորում մեր ժողովուրդների քաղաքական և հասարակական գործիչներին։

Մենք կոչված ենք միասին հոգ տանել տառապյալների և ընչազուրկների համար, վկայել հոգևոր և բարոյական անանց արժեքների մասին, փնտրել հակասությունների հանգուցալուծման խաղաղ և արդար ուղիներ։ Խիստ կարևոր է հրաժարվել ռազմատենչ և թշնամական հռետորաբանությունից։

Կոչ ենք ուղղում համապատասխան անձնաց՝ նպաստելու բոլոր այն խաղաղ բանկիչների ազատ արձակմանը, ովքեր չեն մասնակցել ռազմական գործողություններին և հայտնվել են գերության մեջ։

Իբրև հոգևոր առաջնորդներ՝ մենք կոչված ենք պաշտպանելու եկեղեցիները, մզկիթներն ու այլ սրբավայրեր։ Հետևաբար խիստ կարևոր է ապահովել կրոնական նշանակության հուշարձանների անձեռնմխելիությունն ու հարգալից վերաբերմունքը դրանց նկատմամբ։

Կոչ ենք ուղղում մեր ժողովուրդներին երիտասարդությանը դաստիարակել բարյացակամության և փոխադարձ հարգանքի, խաղաղասիրության և ավանդական բարոյականության ոգով։

Մենք, որպես հոգևոր առաջնորդներ, մեր կողմից պատրաստակամություն ենք հայտնում պաշտպանելու ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծմանն ուղղված խաղաղարարական նախաձեռնությունները։ Հոգևոր առաջնորդների եռակողմ հանդիպումների պատմությունը վկայում է նման շփումների դրական ներգործության մասին հակամարտության կարգավորման գործընթացի վրա, որը երբեք չպետք է վերաճի կրոնական հակամարտության։ Մենք մեծ հույսեր ենք կապում բանակցային գործընթացի հետ։ Մեր ժողովուրդների առջև պատասխանատվությունն ու պարտքը մղում են մեզ՝ հոգևոր առաջնորդներիս, անխոնջ և հետևողական ջանքեր գործադրել հանուն խաղաղության և բարու իդեալների երկար սպասված հաղթության։ Մենք պատրաստ ենք գործադրել բոլոր առկա հնարավորությունները տարածաշրջանում խաղաղության հաստատման համար։

Մեր համայնքների բոլոր զավակներին ուղղում ենք խաղաղության, բարօրության և բարի ձեռնարկումներում հաջողությունների բարեմաղթանքներ։ Աղոթում ենք Բարձրյալին տարաձայնությունների հաղթահարման և չարիքից ու մեղքից մեր ժողովուրդներին պահպանելու համար։ Թող Կովկասի հինավուրց և սուրբ հողի վրա հաստատվի օրհնյալ խաղաղությունը, իսկ մեր երկրների ժողովուրդներն ապրեն հաշտ և խաղաղ, աստվածատուր բարոյական օրենքներով։

Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու պատվիրակությունը՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ, Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ, և Կովկասի մահմեդականների վարչության պատվիրակությունը՝ շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշա Զադեի գլխավորությամբ, հատուկ շնորհակալություն են հայտնում Ռուս Ուղղափառ Եկեղեցուն և նրա գահակալ Մոսկվայի և Համայն Ռուսիո Նորին Սրբություն Կիրիլ Պատրիարքին տվյալ եռակողմ հանդիպման կազմակերպման, Կովկասում խաղաղության հաստատման գործում կարևորագույն ներդրման համար և Նորին Սրբությանը մաղթում Բարձրալի օգնականությունը աստվածահաճո այդ բարձր առաքելությունը շարունակելու գործում»,-նշվում է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի հոգևոր առաջնորդների համատեղ հայտարարության մեջ։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին