▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մուսալեռում մանկահասակ երեխան և նրա ծնողները մահացել են գազի թունավորումից. նոր մանրամասներ

ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացրել են, որ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ երեք անձի մահվան դեպքի առթիվ։

2017 թվականի հունվարի 8-ին «Վաղարշապատ» Բ/Կ-ից հաղորդում է ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել 2016 թվականի օգոստոսի 16-ին ծնված աղջիկ երեխա։ Անմիջապես քննչական-օպերատիվ խումբ է մեկնել երեխայի բնակության վայր՝ Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղի Անի թաղամասի թիվ 1-ին շենքի 10-րդ բնակարան, որտեղ հայտնաբերվել են երեխայի ծնողների` Հրաչ Բաղդասարյանի եւ Աննա Միսակյանի դիակները։ Երիտասարդ ընտանիքը նշված հասցեում բնակվել է ժամանակավորապես։ Կատարվել է դեպքի վայրի զննություն, որին մասնակցել է նաեւ բնակարանի սեփականատերը։

Արտաքին զննությամբ դիակների վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Նախնական տվյալներով, ամուսինները եւ նրանց մանկահասակ աղջիկը մահացել են շմոլ գազից թունավորվելու պատճառով:

Նկատի ունենալով, որ նյութերում առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ երեք անձի մահվան բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ, բազմակողմանի եւ լրիվ հետատոզումն ապահովելու ուղղությամբ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին