▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մովսիսյան. Սիրում եմ Սպարտակը և չեմ մտածում հեռանալու մասին

Մոսկվայի Սպարտակի և Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը ինչպես և պլանավորված էր միացել է իր թիմակիցներ Սալվատորե Բոկետտիին, Սերգեյ Բրիզգալովին, Սերդար Տասչիին և Ռոմուլոյին, ովքեր նախապատրաստական հավաք են անցկացնում Իսպանիայում: Այսօր Մովսիսյանը իր առաջին մարզումն է անցկացրել, ինչպես նաև հարցազրույց տվել ռուսական championat.com կայքին:

- Ինչպե՞ս է Ձեր ծունկը:

- Բարեբախտաբար վիրահատությունը շատ հաջող անցավ, իսկ դրանից հետո վերականգնողական կուրսն էլ ավելի նպաստեց իմ վիճակի բարելավմանը: Իսկ վիրահատությունը կատարվեց Լոս-Անջելեսում, քանի որ ես այնտեղ ճանաչում էի լավ վիրաբույժի:

 - Արդյո՞ք մրցաշրջանի հենց մեկնարկից դուք կկարողանաք օգնել Սպարտակին: Չի՞ խանգարի արդյոք այն ցավերը, որոնք զգում եք ներկա պահին:

- Այսպես ասեմ: Ինձ դեռ մեկ շաբաթ է հարկավոր լրիվ վերականգնվելու համար: Դրանից հետո կսկսեմ ակտիվ մարզումները և ամեն ինչ կանեմ, որ հենց մրցաշրջանի մեկնարկից օգնեմ իմ թիմին:

- Ինչպե՞ս անցկացրիք արձակուրդը:

- Մեծ մասն անցկացրեցի Լոս Անջելեսում, ընտանիքիս հետ: Շատ գոհ եմ նրանից, թե ինչպես անցավ հանգիստը: Սակայն ես ժամանակ չեմ կորցրել արձակուրդի ժամանակ. ԱՄՆ-ում վիրահատվելուց մեկ շաբաթ անց աշխատում էի ֆիզիոթերապևտի հետ, որպեսզի առավելագույնս արագ վերականգնվեմ: Հուսով եմ, որ շատ արագ կկարողանամ աշխատել ընդհանուր խմբում:

- Ամանորյա շնորհավորանքներ ստացե՞լ եք Սպարտակի ֆուտբոլիստներից:

- Այո: Ինձ գրել էին Գլուշակովը, Կոմբարով եղբայրները, խոսել եմ Չելստրյոմի, ՄքԳիդիի, իհարկե նաև Օզբիլիզի հետ:

- Թիմում ամենաշատը ո՞ւմ հետ ես մտերմություն անում:

- Բոլորի հետ ջերմ հարաբերությունների մեջ եմ, իսկ ամենաշատը շփվում եմ իհարկե Օզբիլիզի, Գլուշակովի, Կոմբարով եղբայրների հետ:

- Ի՞նչ կասեք ՄքԳիդիի մասին, ով արդեն տեղափոխվել է Էվերտոն:

- Իհարկե տխուր եմ, ՄքԳիդին հիանալի ֆուտբոլիստ է և մեծ օգուտ էր տալիս թիմին:

- Շշուկներ կան, որ Ձեր թիմակից Կիմ Չելստրյոմի ծառայություններով հետաքրքրված են մի շարք թուրքական ակումբներ:

- Կարդացել եմ: Կիմը հիանալի ֆուտբոլիստ է, ցանկանում եմ, որ նա մնա թիմում: Սակայն տեսնենք, թե ինչ կստացվի…

- Հենց այդ շշուկները Ձեզ ուղարկում էին գերմանական Վոլֆսբուրգ: Ձեր գործակալն էլ հաստատեց այդ ինֆորմացիան, ավելացնելով, որ ոչ միայն Վոլֆսբուրգն է հետաքրքրվում այլ մի շարք անգլիական և գերմանական ակումբներ:

- Իսկապես հաճելի է, երբ քեզանով հետաքրքրվում են նման ակումբներ, սակայն ես սիրում եմ Սպարտակը և չեմ մտածում այստեղից հեռանալու մասին:

- Կարո՞ղ եք պատկերացնել Ձեզ Սպարտակում ևս 10 տարի հետո:

- Ինչու ոչ: Սա մեծ ակումբ է, որտեղ երազում են խաղալ հանդես գալ բոլոր ֆուտբոլիստները:

Ճի՞շտ է, որ դուք հավաքականի Ձեր թիմակից Հենրիխ Մխիթարյանին համոզում էիք միանալ Սպարտակին, մինչև Դորտմունդի Բորուսիա տեղափոխությունը:

- Իհարկե: Ես շատ էի ցանկանում նրա հետ հանդես գալ մեկ թիմում: Սակայն Հենրիխը ցանկանում էր իր կարիերան շարունակել Եվրոպայում և նրա տեղափոխությունը ռուսական որևէ այլ թիմ իրական համարվել չէր կարող:

- Ռուսաստանում ապրող հայերը շա՞տ են տարբերվում ԱՄՆ-ում ապրող հայերից:

- Այո: Սակայն չեմ կարող ասել թե ինչու, եթե ասեմ ոմանք կնեղանան ինձանից (ժպտում է):

- Արդեն հասցրե՞լ եք լինել Սպարտակի նորակառույց մարզադաշտում:

- Դեռ ոչ: Այն դիտել եմ միայն համացանցի միջոցով: Չեմ համբերում, թե երբ կանցկացնենք առաջին հանդիպումն այնտեղ:

- 12 համարի մարզաշապիկը 10 համարի մարզաշապիկով փոխարինելը Ձե՞ր ցանկությունն էր:

- Ինձ ավելի շատ դուր է գալիս 14 համարի մարզաշապիկով հանդես գալը, և եթե այն ազատ լիներ կնախնտրեյի հանդես գալ հենց այդ համարի ներքո: Իսկ 12 եթե ճիշտն ասեմ ընդհանրապես չեմ սիրում:

- Ձեր կարծիքով ո՞վ է Սպարտակի լիդերը:

- Թե՛ Բոկետտին, թե՛ Գլուշակովը, թե՛ Դմիտրի Կոմբարովը: Ինչ-որ չափով ես էլ եմ լիդեր: Բոլորն էլ փորձում են լինել լիդեր:

- Դուք ոչ միայն Սպարտակում լավ գոլեր խփեցիք, այլ նաև հավաքականում: Երկու անգամ` Դանիային, մեկական անգամ` Բուլղարիային ու Իտալիային:

- Ցավոք, մենք աշխարհի առաջնության ուղեգիր ձեռք չբերեցինք: Չեխիային, Դանիային հաղթելը, Իտալիայի հետ ոչ-ոքի խաղալը Հայաստանի պես փոքրիկ երկրի համար մեծ նվաճում է: Սակայն, եթե մենք ունակ ենք այդպիսի արդյունքներ գրանցել, ապա մենք ավելին ենք ուզում:

- Ի՞նչն է պակասում հաջորդ քայլն անելու համար:

- Երազանքս Աշխարհի կամ Եվրոպայի առաջնությունում խաղալն է: Նոր երազանք է: Հիմա ուզում եմ Եվրո-2016-ում խաղալ: Մենքլավ թիմ ունենք, արդեն փորձ ենք հավաքել, երկու անգամ անընդմեջ մոտ էինք եզրափակիչ ուղեգիր ձեռք բերելու: Հաջորդ անգամ, հուսով եմ` դա մեզ կհաջողվի:

- Կարդացել եմ, որ Մալթայի դեմ խաղից առաջ ինչ-որ կարգապահական խնդիրներ են եղել, ինչից հետո ձեզ հեռացրել են աշխատանքից, գրեթե որակազրկել են: Սակայն հետո, Դուք, իբր, ներողություն եք խնդրել, ու Ձեզ վերադարձել են, և երեք օր անց Դուք երկու գոլ եք խփել Կոպենհագենում:

- Այնքան էլ այդպես չէ: Փոքրիկ դեպք էր, սակայն ինձ չեն որակազրկել: Ամեն ինչ շատ արագ հարթվեց:

- Ձեր արձագանքը Դանիային խփած երկու գոլե՞րն էին:

- Ճիշտ այդպես:

- Եվ վերջում: Ինչի՞ մասին եք երազում ներկա պահին:

- Իմ երազանքը 2014թ.-ում Սպարտակի հետ Ռուսաստանի չեմպիոն դառնալն է և հայտնվել Չեմպիոնների լիգայում: Իհարկե նաև ուզում եմ այլևս վնասվածք չստանալ և լինել առողջ:

 

Footballcity.am

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին