▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մտածում էի` վերջն է... Ինչպես Մխիթարյանի խաղը ստիպեց մանկության ընկերոջը ոտքի կանգնել ու քայլել

Фото Levon  Ghasaboghlyan.

Ֆուտբոլային փայլուն ապագայի հեռանկարը, կարծես թե, ի վերուստ կանխորոշված էր «Արարատ»-ի հայտնի ֆուտբոլիստ Սամվել Ղասաբօղլյանի որդու`Լևոնի համար, սակայն ոտքի վնասվածքը ստիպեց խոստումնալից ֆուտբոլիստին թողնել դաշտը: Այսօր, սակայն, արդեն մարզչի կարգավիճակում հանդես եկող Լևոնը վստահեցնում է, որ ափսոսանքի զգացումից վաղուց է ազատվել, մտածում է, որ ամեն ինչ եղել է այնպես, ինչպես պետք է լիներ: Asekose.am-ը զրուցել է Լևոն Ղասաբօղլյանի հետ` անցած ուղու, դստեր շնորհիվ դժվարությունները հաղթահարելու մասին և ոչ միայն:

«Ծնվել եմ ֆուտբոլիստի ընտանիքում, տեսել եմ այն ամենը, ինչը կապված է ֆուտբոլի հետ: Ոչ մեկն իմ մեջ չի սերմանել ֆուտբոլի նկատմամբ սերը, ինքս եմ որոշել ֆուտբոլով զբաղվել, այլ կերպ ասած` անհնար էր ֆուտբոլիստ չդառնալ (ժպտում է): Անկեղծ խոստովանեմ, որ հայրս այդ հարցում որևէ ազդեցություն չունի: Մայրս պատմում է, որ երբ մի քանի ամսական էի ընդամենը, դիմացս դրված գնդակը ոտքով «տշել» եմ` ի տարբերություն այդ հասակի երեխաների, ովքեր փորձում են առաջին հերթին ձեռքով բռնել իրը: 2 եղբայրներս էլ ժամանակին զբաղվել են ֆուտբոլով, բայց հետագայում երկուսն էլ այլ ճանապարհ ընտրեցին»,-պատմեց Լևոնը:

Վերջինիս խոսքով` Սամվել Ղասաբօղլյանի որդին լինելու փաստը միշտ պարտավորեցնող է եղել, բայց իր կարիերայում այն որևէ դեր չի խաղացել:

«Հայրս երբեք չի խառնվել իմ կարիերային: Ժամանակ կար, որ նա իմ մարզիչն էր, շատ ավելի խիստ էր, քան մյուսների նկատմամբ, նույնիսկ դեպքեր են եղել, որ ամբողջ խաղի ընթացքում նստած եմ եղել պահեստայինների նստարանին: Եթե ես 150%-ով պատրաստ չլինեի, չէր թողնի դաշտ մտնեի»,- անկեղծացավ մեր զրուցակիցը:

Լևոնը բավական երկար ճանապարհ է անցել որպես ֆուտբոլիստ:

«Առաջին գոլս բարձրագույն խմբում խփել եմ 16 տարեկանում, այդպես սկսվեց իմ ֆուտբոլային կարիերան: 11 տարի զբաղվել եմ ֆուտբոլով: Ընդգրկվում էի Հայաստանի բարձրագույն թիմերում` Փյունիկում, Զվարթնոցում, դրանից հետո 3 տարի խաղացի Արարատում, հետո Կիլիկիա, ապա Ուլիս, որից հետո տրանսֆերային պատուհանը փակվեց և ես մոտ 6 ամսի անգործության մատնվեցի: Դրանից հետո հրավեր ստացա էստոնական Narva Trans ակումբից, մոտ 1 տարի մնացի այնտեղ և այդ թիմի կազմում դարձա Էստոնիայի արծաթե մեդալակիր: Հայաստան վերադառնալուց հետո սկսեցի խաղալ Ալաշկերտում, բայց չստացվեց այնպես, ինչպես ես էի ուզում, ինչպես ես էի պատկերացնում»:

3 տարի առաջ Լևոնը ծնկի վնասվածք ստացավ, որը փոխեց նրա` ապագայի մասին ունեցած պատկերացումներն ու երազանքները:

«Մարզիչներս ասում էին, որ ֆուտբոլիստի կարիերան կարճ է: 16 տարեկանում դա ինձ համար անընդունելի միտք էր, սակայն ժամանակի ընթացքում հասկացա, որ ֆուտբոլն անկանխատեսելի է, որ վնասվածքի պատճառով կարող ես ավարտել ֆուտբոլիստի կարիերան: Սխալ է այն միտքը, որ ասում են, թե պրոֆեսիոնալ սպորտն առողջություն է, իրականում առողջությունը ֆիզկուլտուրայով զբաղվելն է: 3 տարի առաջ լուրջ վնասվածք ստացա, որի պատճառով ավարտվեց ֆուտբոլիստի իմ կարիերան: Բժիշկները  խորհուրդ չէին տվել վիրահատության գնալ: Բավական երկար տևեց վերականգնողական շրջանը, մոտ 6 ամիս ես հենակներով  էի տեղաշարժվում: Հույս չունեի, որ կարող եմ երբևիցե քայլել, իսկ վազելու մասին անգամ չէի էլ մտածում: Անտանելի ցավեր ունեի, չէի կարողանում շարժվել, քայլել, ակտիվ կյանքով ապրող մարդու համար դա շատ մեծ դժվարություն էր, նույնիսկ մտածում էի, որ սա վերջն է: Չէի կարողանում հասկանալ, թե երբ է այդ սարսափելի իրականությունն ավարտվելու: Այդ շրջանում որոշում կայացրի հեռու մնալ ֆուտբոլից: Մի օր, սակայն, երբ խաղում էին Ռեալ Մադրիդն ու Դորտմունդի Բորուսիան, ես պառկած նայում էի խաղը: Երբ Մխիթարյանը մենակ դուրս եկավ դարպասապահի դեմ, շրջանցեց Կասիլյասին, հոյակապ խաղ խաղաց, բայց չկարողացավ գոլ խփել, այդ պահին ես տեսա, որ 2 ոտքիս վրա կանգնած եմ, այդ պահին ցավ չէի զգում անգամ, քանի որ մանկությանս ընկերոջ՝ Հենրիխի գոլին էի սպասում: Նշեմ, որ Հենրիխի հայրն ու իմ հայրը «Արարատ»-ի ֆուտբոլիստներ էին, ես ու Հենրիխն էլ մանկության ընկերներ ենք: Կյանքիս այդ դժվար շրջանում ինձ շատ էր օգնում փոքրիկ դուստրս` Լիլին: Նա միշտ ինձ հետ էր, նրա շնորհիվ միայն կարողացա հաղթահարել բոլոր դժվարությունները: Նա ուղղակի իմ կյանքի հրաշքն է, որի համար ամեն օր շնորհակալություն եմ հայտնում Աստծուն»,- անկեղծացավ Լևոնը` հավելելով, որ չի զղջում ոչ մի բանի համար. «Եթե ժամանակը հետ տալու հնարավարություն ունենայի, ոչինչ չէի փոխի, քանի որ, երևի թե, ամեն ինչ ի վերուստ այսպես էր նախանշված: Ափսոսանքի զգացում կար միայն սկզբում: Երբ ինքս ինձ հետ մենակ եմ մնում և մեկ-մեկ տրնտջում եմ, թե ինչու այդպես եղավ, միանգամից սթափվում եմ և հասկանում, որ ամեն ինչ եղել է այնպես, ինչպես պետք է լիներ»:

Լուսանկարներում`Լևոն Ղասաբօղլյանն ու դուստրը` Լիլին

Լևոնն այսօր հպարտությամբ նշում է, որ ներգրավված է Հայաստանի մինչև 14 տարեկանների հավաքականի մարզչական շտաբում, բայց նշում է, որ դա դեռ իր համար չափանիշ չէ, դեռ սովորելու բաներ ունի:

«Արդեն 1.5 տարի է, ինչ մարզիչ եմ «Փյունիկում»: Նախկինում ես ինձ չէի պատկերացնում դաշտից դուրս, չէի հասկանում, թե ինչպես կարող է մարզիչը այդքան ուրախանալ իր թիմի հաղթանակով այն դեպքում, երբ ինքը չի խաղում: Ես դեռ սովորելու շատ բան ունեմ: Մարզիչներիցս փորձել եմ քաղել թե լավը, թե վատը` վատը, որ չանեմ, իսկ լավը սովորեմ ու ճիշտ ժամանակին փոխանցեմ սկսնակ ֆուտբոլիստներին: Առհասարակ, ինքս խորհուրդներ հեշտ եմ ընդունում: Եղել եմ շատ ծանր բնավորությամբ ֆուտբոլիստ, տանել չէի կարողանում անարդարությունները: Մարզիչներիցս մեկը նույնիսկ ինձ մի անգամ այսպես ասած անիծեց, որ ես էլ մի օր ինձ նմանի մարզիչ դառնամ: Անեծքը դեռ չի կատարվել, բայց սրտանց սպասում եմ (ժպտում է): Մենք ունենք փայլուն սերունդ, հրաշալի երեխաներ, պարզապես պետք է նրանց հետ աշխատել: Մենք նրանց պատրաստում ենք բոլոր առումներով` ֆիզիկական, տեխնիկական և հոգեբանական, որը, թերևս, ամենակարևորն է: Այսօր շատ են լինում դեպքեր, երբ մենք սկսում ենք անխնա քննադատել մեր ֆուտբոլիստներին, որոնք ինչ-ինչ պատճառներով որևէ խաղի ժամանակ ձախողվում են: Շատ կցանկանամ, որ դա վերանա մեր ազգի միջից »,- Asekose.am-ի հետ զրույցում նշեց Լևոն Ղասաբօղլյանը:

Վերջինս թե′ որպես մարզիչ, թե′ որպես  մարդ միայն մեկ երազանք ունի. «Ուզում եմ որպես մարզիչ ունենալ այնպիսի գիտելիքներ, որ կարողանամ օգտակար լինել հայկական ֆուտբոլին: Ուզում եմ, որ հայ ազգը լավատես լինի ամեն հարցում, համախմբած այնպես, ինչպես ապրիլյան պատերազմի օրերին»:

Հեղինակ` Լիլիթ Նավասարդյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին