▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մտածող մարդուն Հայաստանը կարող է դարձնել հանցագործ, քանզի գործ ունես հանցագործ մթնոլորտի հետ. «ՀԺ»

«Էմփիռեյ» ռոք խմբի արդեն նախկին մենակատար Սարգիս Մանուկյանը տեղափոխվել է ԱՄՆ։ Շուրջ կես տարի է, ինչ նա Հայաստանում չէ և այս ընթացքում դեռ երբեք չէր խոսել իր հեռանալու պատճառների մասին։ Երեկ «Հայկական ժամանակ» թերթին տված հարցազրույցում երգիչը շատ հարցերի է անդրադարձել՝ պարզաբանելով նաև գնալու որոշումը։

 

- Ձեր նախորդ հարցազրույցներից տպավորություն էր ստեղծվում, որ մեր երկրում առկա արատավոր երևույթները՝ ասենք կեղծվող ընտրություններ, քվեների վաճառք և այլն, Ձեզ մինչև սրտի խորքն են խոցում։ Այղ ամենը որքանո՞վ է նպաստել հեռանալու որոշմանը։

- Դրանք կարող են դետալներ լինել։ Պատճառները մի քիչ ավելի վերացական են։ Ես գնացի, երբ հոգեբանական, սոցիալական, մշակութային, քաղաքական առումով ինձ համար ստեղծվեց ճահճային իրավիճակ։ Սոցիալական ասելով՝ ես նկատի չունեմ ֆինանսական վիճակը, այլ մթնոլորտի մասին եմ խոսում։ Այսինքն ես զգում էի, որ գլխով բախվել եմ մի հաստ բետոնե պատի, ոտքերով էլ թաղվել եմ ճահճի մեջ։

 

- Բայց օրինակ, առանց Ձեզ՝ նման քաղաքացիական կեցվածք ունեցող արվեստագետների, երկիրը կարո՞ղ է խելքի զալ։ Ո՞ւմ հույսով եք թողել-գնացել։

- Չեմ մտածում, որ այդ պահին ես երկիրը խելքի բերելու լծակներ կամ հնարավորություն ունեի ու ես չեմ համարում, որ մեր հասարակության մեջ, ցավով եմ դա նշում, կա այդ էներգիան։ Նույնիսկ եթե կա, ուրեմն այս պահին քնած է մի տեղ։ Մեր «հանճարեղ» քաղաքական ուժերը 15 տարվա ընթացքում վերջնականապես սպառեցին, մսխեցին այդ էներգիան, որը պետք է ուղղվեր մեր երկրի առողջացմանը։ Այսինքն՝ ամեն մեկն իր հերթին հինգ տարին մեկ եկավ, այդ կուտակված էներգիան մեկ կամ երկու ամսվա ընթացքում փշրեց, բաժանեց մասերի։ Ոչնչացրեց հույսի այն մի քանի բեկորները, թե հնարավոր է մեր երկրում փոփոխությունների հասնել։ Ուզում եմ այնպիսի տպավորություն չստեղծվի, որ հեռվից գնահատականներ եմ տալիս, որովհետև ես ներսում էլ եմ նույնկերպ արտահայտվել։ Այսինքն՝ բարոյական իրավունք ունեմ այսօր կարծիք ասելու։ Ես հեռվից էլ հետևում եմ Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին և ամեն օր համոզվում եմ, որ հեռանալով չեմ սխալվել, որովհետև Հայաստանի մթնոլորտը մտածող մարդուն կարող է դարձնել ուղղակի հանցագործ, որովհետև դու հասկանում ես, որ ելք չունես, որովհետև դու գործ ունես հանցագործ մթնոլորտի հետ։ Իսկ հանցագործ մթնոլորտում չես կարող մտածելով կամ օրինական ճանապարհով բան փոխել։

 

- Փաստորեն ընդունում եք, որ Հայաստանը կործանման եզրին է ու դա շատ իրական է.

- Ես երբեք միֆերով չեմ ապրել և միշտ ասել եմ, որ ինձ համար հայրենասիրությունը ոչ թե գերեզմանների մասին խոսելն ու անցյալի վրա լացելն է, այլ այսօրվա մարդուն գնահատելն ու արժևորելն է։ Նրան արժանապատիվ կյանքով ապրելու հնարավորություն տալն է։ Այսօր մեր երկրում ապրում է իրավազուրկ, խեղդված, ճնշված, սոցիալապես անապահով հասարակության մեծ զանգված, որոնք, դուրս է գալիս, մի քանի անկուշտ մարդկանց (եթե դրանք, իհարկե, մարդ են) լափելու ցանկությունները բավարարելու համար են։ Մնացածը դեմագոգիկ, քաղքենի խոսակցություններ են, առաջ տված պռոշներով ֆեյսբուքյան մեկնաբանություններ։ Հայաստանում կարծում եմ սպառվել է քաղաքական լուծման հնարավորությունը, որովհետև քաղաքական լուծում լինում է առողջ հասարակություններում, առողջ երկրներում։ Մեր իրավիճակն այսօր այնքան հիվանդագին է, որ վիրահատական միջամտություն է պետք ու երկար, անզգայացմամբ վիրահատություն, որ երկիրը խելքի գա։

 

- Հեղափոխությո՞ւնն է ելքը, ըստ Ձեզ։

- Այդ «հեղափոխություն» բառը հեղափոխությունից չհասկացող մարդիկ նախորդ 15 տարվա ընթացքում այնքան փչացրեցին, որ նրանք, ովքեր հասկանում են՝ հեղափոխությունը ինչ է, այսօր կանգնել են կոտրած տաշտակի առաջ։ Հեղափոխությունը միշտ եղել է հասարակությունը փրկող կամ առողջ միջոց, դա Էլ դարձրեցին եսիմ ինչ։ Հեղափոխություն անում են քաղաքական ուժերն ու հասարակությունը։ Այսօր մենք չունենք քաղաքական ուժ, մենք ունենք քաղաքական վատ խմբակներ և թուլացած ու բարոյալքված հասարակություն։ Այսինքն՝ այն ռեսուրսները, որոնք պիտի բերեին լավ իմաստով հեղափոխության, չկան»,–գրում է թերթը։

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին