nrnak.com-ը նույնպես անդրադարձել է օրեր առաջ տարածված տեղեկությանը, թե ցմահ ազատազրկման դատապարտված Նաիրի Հունանյանը Հայաստանի Հանրապետությունում չէ, և պետական կառույցներն ամեն կերպ փորձում են նրան «անձեռնմխելի» պահել լրատվամիջոցների համար:
Նշելով, որ մի քանի լրատվական կայքեր, այդ թվում Asekose.am-ն ու nrnak.com-ը, հարցին լուծում տալու համար դիմել էին ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ Հայկ Հարությունյանին՝ խնդրելով հանդիպում Նաիրի Հունանյանի հետ, կայքը գրում է, որ քրեակատարողական վարչությունը դիմել է բոլոր հնարավոր խուսափողական մեթոդների՝ մերժելու ԶԼՄ-ների խնդրանքը՝ տալով անհիմն ու զավեշտալի պատճառաբանումներ` այդ թվում նաև այն,որ ինքը` Նաիրի Հունանյանը պետք է ցանկություն հայտնի հանդիպել լրագրողի հետ:
Հիշեցնենք, որ այս առիթով Asekose.am-ը գրել է. «Այնպես որ` Նաիրի Հունանյանի ողջ լինելու, Հայաստանում գտնվելու մասին ավելի տեղեկություն լուսանկարի, տեսագրության կամ ձայնագրության տեսքով այդպես էլ չենք կարողանա ներկայացնել հանրությանը, քանի որ Նաիրի Հունանյանը մինչ օրս ԶԼՄ-ների հետ հանդիպելու ցանկություն չի հայտնել: Նաիրի Հունանյանը գուցե բոլորովին էլ դեմ չլիներ հանդիպմանը, սակայն պատկան մարմնի պատասխանում նշված չէ, որ նրան տեղյակ է պահվել ԶԼՄ ներկայացուցչի տեսակցության մասին»: