Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Հայաստանի ազգային պատկերասրահում ներկա է գտնվել Հայաստանում Իտալիայի դեսպանության նախաձեռնությամբ կազմակերպված «Գույնի ձևը. Վերածննդից Ռոկոկո» ցուցահանդեսի բացմանը: Ցուցահանդեսն անցկացվում է ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո, ներկա էին երկու երկրների կառավարությունների և խորհրդարանների անդամներ, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ:
Ցուցահանդեսի բացման կապակցությամբ իր ողջույնի խոսքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է.
«Իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում Իտալիայի դեսպան պարոն Վինչենցո դել Մոնակոյին՝ նմանօրինակ նախաձեռնության միջոցով մեր երկու պետությունների և ժողովուրդների մշակութային երկխոսությանը նպաստելու համար։ Հարկ եմ համարում նշել, որ այս ցուցահանդեսը մեզանում եզակի մշակութային իրադարձություն չէ. սրանով դեսպանատունը շարունակում է իտալական մշակույթը զանազան ձևաչափերում Հայաստանի հանրությանը ներկայացնելու տարիներ ի վեր չդադարող ավանդույթը: Ուստի, ի դեմս Ձեզ, ողջունում եմ նաև Հայաստանում Իտալիայի դեսպանի պաշտոնում ձեր նախորդների երախտագործ ջանքը:
Եվ հենց այս զգացումով է, որ դարձյալ շնորհավորում և շնորհակալություն եմ հայտնում ցուցահանդեսի կազմակերպիչներին վենետիկյան դպրոցի հանճարների կենսուրախությամբ ու գեղանկարչության հուզականությամբ լի անկրկնելի աշխատանքները մեր հանրությանը ներկայացնելու համար»:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջել է ցուցասրահներով, ծանոթացել ներկայացված ստեղծագործություններին:
* * *
«Գույնի ձևը. Վերածննդից ռոկոկո» ցուցահանդեսը ներկայացնում է 16-18 դարերի իտալացի նշանավոր վարպետների ստեղծագործությունները Տրիեստ քաղաքի Հին արվեստի ազգային պատկերասրահից: Այն ներառում է ինչպես Վերածննդի դարաշրջանի իտալացի նկարիչների, այնպես էլ եվրոպական արվեստի հետագա փուլերի արվեստագետների աշխատանքները՝ 55 գեղանկար ու գծանկար: Ստեղծագործություններն ամփոփված են թեմատիկ 4 ցուցադրությունում: