Այսօր կառավարության նիստում հաստատվեց Երևանի ավագանու լիազորությունների ժամկետը կրճատելու և ավագանու արտահերթ ընտրություններ նշանակելու ու անցկացնելու մասին որոշումը: ՀՀ տարածքային կառավարման ու զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը զեկուցեց, որ ընտրությունների օրը հայտարարելու է ԿԸՀ-ն, ոստիկանությանը հատկացվելու է գրեթե 87.7 մլն դրամ:
«ԿԸՀ-ն նիստ է անում հրապարակումից հետո և 30-40 օրվա ժամկետում նշանակում է ընտրությունների օրը»,- ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց՝ տեխնիկապես պատրա՞ստ ենք ընտրությունների անցկացման համար և ստացավ դրական պատասխան:
«Իսկ բարոյահոգեբանորե՞ն»,- ծիծաղալով հարցրեց վարչապետը:
«Պատրաստ ենք»,- պատասխանեց նախարարը:
Փաշինյանի խոսքով՝ հեղափոխությունից հետո առաջին անգամ է այս մասշտաբի ընտրություններ անցկացվելու և բոլորը գիտակցում են, որ դրանք պետք է լինեն բացառիկ՝ օրինականության, թափանցիկության առումով.«Առաջնահերթ խնդիր է ընտրությունների ազատությունը, ժողովրդավարությունը և օրինականությունն ապահովելը»:
Ն.Փաշինյանի խոսքով՝ ընտրակաշառքի որևէ դեպք չպետք է գրանցվի, և որևէ դեպք չպետք է մնա առանց պատասխանատվության: «Ես վստահ եմ, որ ամեն ինչ հենց այսպես էլ տեղի կունենա, և որևէ հայտնի խմբեր չեն տրվի գայթակղությանը: Եթե տրվեն, ՀՀ օրենքն ասում է՝ ինչ պետք է անեն իրավապահ և պետական մարմինները»,- ասաց վարչապետը:
Կարդացեք նաև՝ 100 օրում մեր կառավարությունը լուծել է հիմնական խնդիրը. Նիկոլ Փաշինյան