Տեղեկացրել էինք, որ համաձայն ԿԳՆ-ի և Dasaran.am-ի որոշման, ուսուցիչներն այսուհետ բացի սովորական մատյանից ունեն նաև էլեկտրոնային մատյան, որտեղ նույնպես կատարում են համապատասխան գրանցումներ, ինչ է թե ծնողը նեղություն չկրի, չգնա դպրոց այլ, պարզապես, հայտնվի վիրտուալ աշխարհում ու տեսնի` ինչ կա, չկա:
ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում ԿԳՆ հանրակրթության վարչության նախադպրոցական և միջնակարգ կրթության քաղաքականության մշակման և վերլուծության բաժնի պետ Սյուզաննա Մակյանի խոսքով նախագծի հիմքում ուսուցչի, աշակերտի աշխատանքն ավելի թափանցիկ դարձնելն է:
«Նախագիծը մշակվել է 2010 թվականից` փորձաշրջան անցնելով երկու դպրոցներում, և, քանի որ ստացած արդյունքները դրական էին, արձագանքները նույնպես, ուստի, դրանից հետո արդեն ԿԳՆ-ի և այլ համապատասխան կառույցների հետ կնքվեցին հուշագրեր, որոնց հիման վրա էլ ծրագիրը ներդրվեց ՀՀ դպրոցներում»,-ասաց Dasaran.am կրթական ծրագրի հիմնադիր նախագահ Սուրեն Ալոյանը:
Ինչ վերաբերում է համապատասխան բաժնում ուսուցիչների կողմից գրանցումներ կատարելուն և ծրագրի «ծանր» լինելուն կամ ընդհանրապես չբացելուն, ապա Սուրեն Ալոյանը նշեց, որ այստեղ կապ ունի ինտերնետի արագությունը:
«Ցավոք, այսօր Հայասատանում կան որոշակի դպրոցներ, որտեղ ինտերնետը չունի բավականաչափ արագություն: Կայքն աշխատում է բավարար, աշխատում է արագ, բայց որոշակի համակակարգչային խնդիրների, կամ ինտերնետի արագության հետ կապված` առաջանում են խնդիրներ»,-նշեց Dasaran.am կրթական ծրագրի հիմնադիր նախագահը:
Ինչ վերաբերում է նրան, թե ծնողներն այսկերպ հնարավորություն են ունենում առանց դպրոց գնալու տեղեկություններ ստանալ երեխայի բացակայությունների, գնահատակնների մասին, մեր անցկացրած փոքրիկ հարցախույզի ժամանակ ծնողները պատասխանել էին, որ կտրվում է ծնող-ուսուցիչ կապը և ուշադիր ծնողը միշտ էլ կայցելի դպրոց: Այս ամենին հակադարձելով` Սուրենը Ալոյանը նշում է, որ սա թափանցիկ գնահատման, վերահսկման համակարգ է և նպաստում է ծնող-ուսուցիչ կապի ամրապնդմանը, և այս քայլով փորձում են նվազեցնել դպրոցներում առկա կոռուպցիոն ռիսկերը:
«Այս պահին կրթական ծրագրին միացած` 1400 դպրոցներից 930-ը: Օրական օգտվում է 80-120.000 մարդ, ինչը լավ ցուցանիշ է: 3 ամիս հետազոտությունների արդյունքում հասկացանք, որ ծնողները, ովքեր պարբերաբար օգտվում են մեր կայքից, նրանց երեխաների մոտ նվազել է բացակայությունների թիվը, բարձրացել է արդյունավետությունը»,-փաստում է Dasaran.am կրթական ծրագրի հիմնադիր նախագահ Սուրեն Ալոյանը:
Անի Կարապետյան