Հայկական շոու-բիզնեսը համալրվում է նոր սկսնակ երգչով: Այսօր տեղի ունեցավ Նորայր Մելքոնյանի նոր տեսահոլովակի պրեմիերան: Երգը կոչվում է «Չեմ հավատում»:
Նորայրը երգիչ դառնալու մասին երազել է դեռ մանկուց: Նրա առաջին հանդիսատեսները ծնողներն են եղել: «Տանը շատ էի երգում: Ծնողներս խթան հանդիսացան, որ ես սկսեցի վոկալով զբաղվել, սիրողական մակարդակից ձգտում էի պրոֆեսիոնալիզմի»,- ASEKOSE.am-ի հետ զրույցում նշեց սկսնակ երգիչը:
Այժմ նա սովորում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում՝ մագիստրատուրայում: Նորայրը ապագայի համար բազմաթիվ պլաններ ունի և հավատում է դրանց իրականացմանը. առաջին տեղում կիրթ և պրոֆեսիոնալ երգիչ դառնալու նպատակն է: Իսկ պրոֆեսիոնալ դառնալու համար, ըստ Նորայրի, հարկավոր է առաջին հերթին համապատասխան երաժշտական կրթություն ստանալ, աշխատել պրոֆեսիոնալների հետ և նրանցից դասեր քաղել: Իսկ այդ ամենը սկսնակ երգիչն արդեն իսկ անում է: «Կայանալու ճանապարհին ես աչքիս առաջ միշտ ունենում են փորձառու արտիստների անցած ճանապարհը, նրանց հաղթահարած դժվարությունները և հասկանում, որ ինքս էլ կարող եմ հաղթահարել այդ ամենը: Այդ արտիստները և հայկական բեմից են, և արտասահմանյան: Օրինակ՝ շատ եմ գնահատում Բրունո Մարսի բեմական արվեստը»,- նշեց Նորայրը՝ հավելելով, որ հայկական շոու-բիզնես մուտք գործելը և տեղ գրավելը դժվար է, բայց ոչ աշխատասեր և նպատակասլաց մարդու համար:
Սկսնակ երգիչը առայժմ երգում է փոփ ժանրում, սակայն չի բացառվում, որ ապագայում կերգի նաև ժողովրդական երգեր: «Դասախոսներս հորդորում են նաև ժողովրդական երգեր երգել և ասում են, որ դա ինձ մոտ լավ է ստացվում: Ինքս էլ սիրում եմ ժողովրդական երգեր և կկատարեմ դրանք»,- ասաց Նորայրը:
Ինչպիսին կլինի սկսնակ երգչի հետագա ուղին, ցույց կտա ժամանակը, իսկ առայժմ ծանոթանանք նրա առաջին տեսահոլովակին.