Ես Բալայան Զորին չեմ, որ պատվերով ու փողով բաց նամակներ գրեմ… Հայ մարդ եմ, հայ մտավորական, որն այլևս չի կարող հանդուրժել այն ամենը, ինչը տեղի է ունենում մեր երկրում, որը չի կարող առանց սրտի ցավի նայել ավերվող, քանդվող, ինքնությունը կորցնող, իր ինքնիշխանությունը աճուրդի հանած երկրին՝ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ…
Թող որ մեղադրեն ինձ, թող անգամ քրեական պատասխանատվության ենթարկեն, բայց պիտի ասեմ, որ 1999 թվականի Հոկտեմբեր 27-ին սկիզբ է առել երկրի ոչնչացման, օտար շահերին հպատակեցման մի ծրագիր, որն իր բարձրակետին հասավ 2013 թվականի սեպտեմբերի 3-ին, երբ հայտարարվեց Մաքսային մության կազմի մեջ մտնելու մասին… Այդ միության հենարան հանդիսացող երկրները հռհռացին Հայաստանի վրա, ծաղրեցին մեր երկիրը, որը, չունենալով հրավեր, ընդամենը ենթարկվելով Պուտինի սպառնալիքներին, վազեց դեպի իր առջև փակ դուռը… Այդ քայլը մեզ նվաստացրեց նաև Եվրոպայի առջև, որը, իր անբարոյականությանը համահունչ, անմիջապես պատասխանեց ,,Արևելյան գործընկերության մասին,, բանաձևով՝ այսպիսով Հայաստանը դարձնելով թիրախ, այսպիսով մեծ հարված հասցնելով Լեռնային Ղարաբաղին…
Իշխանությունները լռում են, իշխանությունները, կարծես թե, ասելիք չունեն, սակայն, ըստ էության, ամեն ինչ պայմանավորված ու վաղօրոք քննարկված է…
Գիտեմ, որ մեծ մեղք եմ բարդում իշխանությունների վրա, երկրի նախագահի վրա, սակայն բուն երկրում տեղի ունեցող գործընթացները վկայությունն են այն բանի, որ տարվում է Հայաստանի ինքնաոչնչացման ծրագրված քաղաքականություն: Խրախուսվող արտագաղթն արդեն այս ծրագրի հենքերից մեկն է: Այո՛, խրախուսվող արտագաղթ, քանզի այդ երևույթին դեմ լինելու դեպքում՝ իշխանությունները քայլեր կձեռնարկեին, կգտնեին կանխարգելող միջոցառումներ, մինչդեռ ամեն ինչ արվում է, որպեսզի բազմապատկվի թիվը հեռացողների… Պաշտոնատար անձանց աշխատավարձերի բարձրացումը, գործազրկության նպաստների վերացումը, գիտական ու ստեղծագործական մտավորականության դեմ կազմակերպված արշավանքը ասվածի վկայությունն են: Ուրեմն, անվերապահորեն ասենք, որ այսօր Սերժ Սարգսյանը և Տիգրան Սարգսյանը կատարում են որոշակի հանձնարարություններ, նպատակամղված կերպով գնում են Հայաստանի ոչնչացմանը…
Շատ ուրախ կլինեի լսել հակառակ կարծիքներ, հիմնավորումներ, տեսնել իմ մտքերը հակասող քայլեր ու նախաձեռնություններ, բայց դրանք չկան:
Ու պատմությունը կրկնվում է: Ինչպես 1987-1988 թվականներին Միխաիլ Գորբաչովն իբրև թե ազգային-ազատագրական պայքարի միջոցով գնաց ԽՍՀՄ փլուզմանը՝ ունենալով արևմտյան թերությունների հետ հստակ մշակված ծրագիր, այնպես էլ այսօր նման ծրագիր դրված է մեր պետության քայքայման հիմքում…
(Սխալ չընկալվելու համար ասեմ, որ ԽՍՀՄ-ը պահպանելու կողմնակիցը չեմ:)