▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Օձունում եղբորը հայհոյելու համար «հաշիվ մաքրելու» է կանչել համագյուղացուն ու դանակահարել. ինքը ևս դանակահարվել է

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում ավարտվել է Օձուն համայնքի բնակիչների՝ միմյանց դանակահարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ իրականացված քննչական եւ այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են երկու անձանց՝ կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս ստանալու մի շարք հանգամանքներ, շարժառիթը:

Քննությամբ մասնավորապես պարզվել է, որ 2018 թվականի հուլիսի 31-ին՝ ժամը 08:47-ին, Լոռու մարզի Օձուն համայնքի 24-ամյա բնակիչը, իր եղբորը սեռական բնույթի հայհոյանքներ տալու կապակցությամբ պարզաբանում պահանջելու նպատակով, զանգահարել է 30-ամյա համագյուղացուն եւ պայմանավորվել հանդիպման շուրջ:

Հանդիպումը, սակայն, վերաճել է վիճաբանության, որի ժամանակ 24-ամյա երիտասարդը, մարմնական վնասվածքներ պատճառելու դիտավորությամբ, նախապես իր հետ վերցրած դանակով հարվածներ է հասցրել համագյուղացու մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս՝ աջից կրծքավանդակի առաջնային մակերեսի ծակած-կտրած, կրծքավանդակի խոռոչ թափանցող վերք՝ թոքահյուսվածքի վնասումով, աջակողմյան հեմոթորաքս, ենթամաշկային էմֆիզեմա, աջից հետույքային շրջանի կտրած-ծակած վերքի ձեւով:

Նախաքննությամբ պարզվել է նաեւ, որ կտրած-ծակած վնասվածք է ստացել նաեւ 24-ամյա երիտասարդը: 

Քննության տվյալներով՝ նույն վիճաբանության ժամանակ 30-ամյա տղամարդն իր մոտ գտնվող դանակով հարվածել է նրա ձախ բազկի շրջանին՝ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս՝ ձախ բազկի ծակած-կտրած միջանցիկ վերք՝ արտաքին պրոֆուզ զարկերակերակային արյունահոսությամբ, բազկային զարկերակի եւ մկանափեղկային համակարգի վնասումներով:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ համագյուղացիներին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, եւ քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին