▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞րն է Նիկոլ Փաշինյանի տնտեսական տեսլականը

Գործող իշխանությունը, որն, ամենայն հավանականությամբ արտահերթ ընտրություններով կվերարտադրվի, կարծեք առանձնապես չի շտապում տնտեսության, մասնավորապես՝ լեռնահանքային արդյունաբերության ոլորտի խնդիրներին լուծում տալ (Ամուլսարի հետ կապված պատմությունը, Ալավերդու պղնձաձուլարանի, թե մեկ այլ հարց):  Ազգային Ժողովում Նիկոլ Փաշինյանի ելույթի տնտեսության ոլորտի անդրադարձին հետևելով, այնպիսի զգացողություն կա, որ այս ոլորտը կարծես այլևս մեր երկրին պետք չէ: Փաշինյանը  նշում էր, որ Հայաստանի տնտեսության լոկոմոտիվը պետք է լինի ոչ թե ընդերքի շահագործումը, այլ բարձր տեխնոլոգիական ոլորտը, բայց դա առայժմ թեզիսների մակարդակի վրա է: Քանի դեռ տնտեսության այլ ճյուղերը (գյուղատնտեսություն, զբոսաշրջություն, IT, թեթև արդյունաբերություն և այլն) չեն զարգացել, հանքարդյունաբերությունից հրաժարվելը վտանգավոր կլինի մեր երկրի համար ու կհարվածի ազգային անվտանգությանը, քանզի այս փուլում դա է իրականությունը: Այս տեսակետն է հայտնել նաև ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը թերթերից մեկին տված իր հարցազրույցում: «Լեռնահանքային ոլորտը Հայաստանում կարևորագույն ոլորտներից մեկն է, որը մեր արդյունաբերական պոտենցիալի լուրջ մասն է կազմում:

 

 

 

 

 

 

 

 

Իմ տպավորությամբ՝ այսօրվա կառավարությունը թերագնահատում է այդ ոլորտի նշանակությունը տնտեսության համար և այն մուլտիպլիկատիվ էֆեկտը, որ այդ ոլորտն ունենում է ընդհանուր տնտեսության վրա, որն ազդում է նաև երկրի արտաքին առևտրատնտեսական հաշվեկշռի վրա»,- նշել է Քոչարյանը: Թերևս, չհամաձայնել Քոչարյանի այս հայտարարության հետ՝ հնարավոր չէ. Անշուշտ պետք է զարգացնել մանր ու միջին բիզնեսը, զարգացնել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը և համապատասխան հարկային քաղաքականություն վարել, բայց քանդել այս պահին եղածն ու հույսը դնել դեռ չձևավորվածի վրա, վտանգավոր է: Պետք է, հետևաբար, կարգուկանոն հաստատել հանքարդյունաբերության ոլորտում ու զուգահեռաբար զարգացնել տնտեսության մյուս ճյուղերը, քանզի բյուջետային լարվածության պայմաններում այլ տարբերակ չկա: Գործադիր իշխանությունը պետք է ունենա տեսլականներ, որոնց մասին խոսում էր Նիկոլ Փաշինյանը, բայց պետք է նաև իրականությունից չկտրվի ու տուրք չտա, այսպես կոչված, մոդայիկ և պոպուլիստական մոտեցումներին:

 

 

 

 

 

 

 

 

 

Հավանաբար այդ մոդայիկ ու պոպուլիստական մղումներին տուրք տալով էլ Փաշինյանը երկրի տնտեսության շարժիչ ուժը՝ առաջնահերթությունը համարում է բարձր տեխնոլոգիաները՝ ինչին Քոչարյանը հակադարձում է. «Մտածել, որ բարձր տեխնոլոգիաները կփոխարինեն հանքարդյունաբերությանը, չի ստացվելու: Զարգացած երկրներում տեղեկատվական տեխնոլոգիաները կազմում են ՀՆԱ-ի մոտ 4 տոկոսը: Բայց ամբողջ երկիրը չի՛ կարող զբաղվել բարձր տեխնոլոգիաներով: Այո, պետք են բարձր կամ տեղեկատվական տեխնոլոգիաները, բայց հույս ունենալ, որ միայն դրանով դու ժողովուրդ կկերակրես, լուրջ չէ»: Անշուշտ, ժամանակակից, այսպես ասած «թվային» ժամանակաշրջանում բարձր տեխնոլագիաների ոլորտի զարգացումը շատ կարևոր հարց է, բայց այստեղ ոչ թե սիրողական և ընտրովի մոտեցումները պետք է գերիշխող լինեն, այլ Հայաստանի տնտեսական շահը, պրոֆեսիոնալիզմը, մեր քաղաքացիների բարեկեցությունը, ներդրումային միջավայրի բարելավումը և արտաքին ներդրողների համար կանխատեսելի ու հուսալի լինելու հանգամանքը:

 

Ի դեպ, ներդրումային միջավայրին ևս անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանը՝ նշելով.«Տեսեք, այսօր իշխանությունը փորձում է հեղափոխությունը բրենդ դարձնել: Բայց ներդրողի համար հեղափոխությունը բրենդ չէ, ներդրողի համար հեղափոխությունը վտանգ է: Ես հասկանում եմ, իրենք հեղափոխական ճանապարհով եկել են իշխանության և  հիացած են դրանով: Սակայն ներդրողի համար հեղափոխությունը, որքան էլ խաղաղ լինի կամ չլինի, անորոշություն և ռիսկեր է դա պարունակում: Այսինքն՝ հեղափոխությունը, որպես բրենդ, ամենից անհաջող բրենդն է՝ ներդրումային գրավչության տեսանկյունից»:

Հեղափոխական տեխնոլոգիաներն արդյունավետ էին նախորդ ռեժիմը մերժելու համար, բայց դրանք կարող են կործանարար լինել մեր երկրի տնտեսության համար: Հույս հայտնենք, որ Փաշինյանը վերջապես որոշում կայացնի  ու  կներկայացնի Հայաստանի տնտեսության շահն ու տեսլականը:

Արման Խարազյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին