ԷկոԼուր-ի փոխանցմամբ՝ սույն թվականի դեկտեմբերի 16-ին` ժամը 12.00-ին, ՀՀ Արարատի մարզի Եղեգնավանի գյուղապետարանում, տեղի կունենան «Որոտան» ՓՀԷԿ-ի կառուցման աշխատանքային նախագծի վերաբերյալ հանրային քննարկումները: «Որոտան Սիստեմս» ՍՊԸ-ի պատվերով ՓՀԷԿ-ը ի նախագիծը կազմել է «Հայհիդրոէներգանախագիծ» ՓԲԸ-ն:
«Որոտան» ՓՀԷԿ-ը կառուցվելու է Սյունիքի մարզում` Սեւանա լճի ջրհավաք ավազանի մեջ մտնող Որոտան գետի վրա` օգտագործելով գետի 2247.0-2134.0 մետր նիշերի անկումը:
Ըստ նախագծի՝ կառուցումից և շահագործումից հետո ՓՀԷԿ-ը կունենա 3610կվտ հաշվարկային հզորություն և կարտադրի տարեկան 15,08մլն.կՎտԺ էլեկտրաէներգիա: Դերիվացիայի երկարությունը լինելու է 5210մ, դերիվացիայի տրամագիծը` 1.40 մ է: Նշենք, որ Որոտանի վրա արդեն իսկ գործում է 5 փոքր ՀԷԿ, որոնք գետը խողովակի մեջ են վերցրել 11226 մետր գումարային տարածքում: Այս ՓՀԷԿ-ի կառուցման արդյունքում գետի 16 կիլոմետրից ավելի գումարային տարածքը կվերցվի խողովակի մեջ:
Նախագծում նշված չէ, թե նախատեսվող ՓՀԷԿ-ի հարեւանությամբ ինչ համայնքներ կան, եւ նշված չէ, թե 4,5 հա հողատարածքը, որի վրա կառուցվելու է ՓՀԷԿ-ը, որ համայնքի վարչական տարածքում է գտնվում: Որոտանի ջուրն օգտագործվում է ոռոգման նպատակով:
1991 թ. դեկտեմբերի 19-ին ՀՀ մինիստրների խորհորդի ընդունած «Հայաստանի Հանրապետության որոշ ջրային օբյեկտների ձկնատնտեսական ջրավազանների կարգին դասելու մասին» օրենքով Որոտան գետը համարվել է որպես ձկնատնտեսական ջրային օբյեկտ: Սակայն նախագծում նշված չէ, թե ինչ ձկնատեսակներ են ապրում Որոտան գետում եւ արդյոք դրանց մեջ կան Կարմիր գրքում գրանցված տեսակներ: Պարզապես նշվում է, որ ձկների վրա ազդեցությունը նվազեցնելու համար նախատեսվում է ձկնուղու կառուցում, որի ֆունկցիան ապահովելու համար բնապահպանական թողքը կկազմի 0.65մ3/վրկ: Միեւնույն ժամանակ նախագիծը ներկայացնում է ձկների համար ռիսկերը. «…ՀԷԿ-ի կառուցումն անմիջականորեն (ուղղակի ձևով) կազդի գետի կենդանական աշխարհի, մասնավորապես ձկների վրա՝ առաջին հերթին գետը պատվարի միջոցով կտրելու և դեպի վերին հвսանքներ ձկների տեղափոխման ճանապարհը փակելու պատճառով:
Զգալի վնաս կարող է հասցվել ձկներին՝ գետահունում պատվարի շինարարական աշխատանքների իրականացման ընթացքում, ինչը կարող է բերել ջրի պղտորության և կախյալ մասնիկների պարունակության բարձրացմանը, որի պատճառով հնարավոր է ձկների խռիկների խցանումը և, որպես հետևանք, դրանց ոչնչացումը»: