ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ադրբեջանը կրկին անցկացնում է տեղեկատվական գրոհ՝ մեղադրելով հայկական կողմին սահմանային գծի գնդակոծությունների մեջ։
Պարզ է, որ դա սուտ է և հայկական կողմին ստեղծված իրավիճակում, նվազագույնը, ձեռնտու չի ավելորդ լարվածության նախաձեռնողի դերում հանդիսանալ։
Ավելին՝ ներկա փաշինյանական «սուպեր-գեր-խաղաղասեր» իշխանությունները, ընդհակառակ՝ անում են ամեն ինչ, որ ադրբեջանական կողմին հանկարծ միամիտ չնյարդայնացնեն։
Սակայն ադրբեջանական կողմը չի գնահատում հայկական կողմի իրենց հանդեպ «պուպուշ» դրսևորումները, և հենց ինքն է աստիճանաբար ավելացնում սադրանքների քանակը սահմանների մոտ։
Ինչո՞ւ... շատ պարզ պատճառով՝ ադրբեջանցիները տարածելով սուտ տեղեկություններ, իբր՝ «հայերը կրակում են», նախապատրաստվում է կտրուկ քայլերի դիմել՝ Հայաստանի սահմանամերձ որոշ տարածքները օկուպացնելու համար։
Ի՞նչ է անում հայկական կողմը։
Ըստ էության՝ ոչինչ, նույնիսկ հակառակ պրոցեսներ է գեներացնում՝ չտալով համարժեք պատասխան ագրեսորին՝ փաստացի անուղղակի խրախուսում է, որ վերջինս ավելի կտրուկ քայլերի դիմի։
Հասկանում եմ, որ փաշինյանական իշխանությունը տրամադրված է, ի վերջո, թուրք֊ադրբեջանական ահաբեկչական պետությունների հետ դուրս գալ «պաչ֊պռոշտի» մակարդակի հարաբերությունների հաստատմանը, բայց հաշվի չի առնում մի շատ կարևոր հանգամանք՝ թուրքերը և ադրբեջանցիները խորապես թքած ունեն այս իշխանությունների խաղաղասեր նկրտումների վրա և հետևողական տանում են իրավիճակը դեպի սրացում։
Որքան հայկական կողմը վախվորած խաղաղություն կմուրա, այնքան մեծ պատերազմի վտանգը կավելանա։
Սա այնքան ակնհայտ է, որ միայն քաղաքականապես կատարյալ կույրերը դա չեն տեսնում և շարունակում են տանել երկիրը և ազգը դեպի նոր պատերազմ և նոր աղետներ։
Իմիջայլոց՝ այսօր վերջապես հայկական կողմը ֆիքսեց, որ ադրբեջանցիները միտումնավոր սադրանքների են դիմում՝ իրավիճակը ապակայունացնելու նպատակով։
Սակայն կրկին մենք չլսեցինք, թե ի՞նչ գործնական քայլեր է անելու այս իշխանությունը, որ սադրիչներին զսպի։
Մի տեսակ ունեմ նախազգացում, որ ոչ մի բան էլ չի անի, դե բացի՝ ամբողջ աշխարհին ջղային նամակներ գրելուց»։


