Ոստիկանությունը հայտարարություն է տարածել՝ նախազգուշացնելով զանգվածային ակցիայի մասնակիցներին:
«Երեկ ժամը 22-ի սահմաններում Երեւանի Ազատության հրապարակից ոստիկանություն բերման են ենթարկվել մի շարք քաղաքացիներ, որոնք, իրենց ներկայացնելով, այնտեղ ինքնաբուխ հավաքվել էին Գյումրիում տեղի ունեցող իրադարձություններին հետեւելու նպատակով: Հավաքի՝ բերման ենթարկված մասնակիցներից երկուսի մոտ հայտնաբերվել է ատրճանակ:
ՀՀ ոստիկանությունը, հավատարիմ ՀՀ Սահմանադրությամբ, միջազգային իրավունքի նորմերով եւ Հավաքների ազատության մասին ՀՀ օրենքով ամրագրված արժեքներին եւ կանոններին, մշտապես երաշխավորել եւ երաշխավորում է խաղաղ հավաքների բնականոն ընթացքը եւ մշտապես հանդուրժողական մոտեցում է դրսեւորում, քանի դեռ հավաքները կրել են խաղաղ բնույթ:
ՀՀ ոստիկանությունը հայտարարում է, որ հանրային միջոցառումը, որին մասնակցում են զինված անձինք, ինչով էլ դա պատճառաբանված լինի, եւ անկախ զենք կրելու օրինականությունից, չունի Սահմանադրության եւ օրենքի պաշտպանությունը եւ չի կարող հանդուրժվել, հաշվի առնելով դրա հնարավոր ծանրագույն հետեւանքները:
ՀՀ ոստիկանությունը նախազգուշացնում է, որ հավաքներին զինված մարդկանց մասնակցությունը պահանջում է օրենքով ամրագրված կտրուկ միջոցների անհապաղ կիրառում, որպեսզի հավաքի խաղաղ մասնակիցները եւ հասարակությունը չկրեն անդառնալի եւ ծանր վնասներ:
ՀՀ ոստիկանությունը հարկ է համարում նշել, որ Հավաքների ազատության մասին ՀՀ օրենքի 33-րդ հոդվածով սահմանված կարգով կարող է դադարեցնել հավաքն այն դեպքերում, երբ առաջացել է այլ անձանց սահմանադրական իրավունքների կամ հանրության շահերի անհամաչափ սահմանափակման անմիջական վտանգ»,- ասվում է հայտարարության մեջ: