▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞ւր ես, Պարույր

Վահագն  Դավթյանը  Պարույր  Սևակին  նվիրված բանաստեղծություն էր գրել այդ օրը, կարդաց ու ասաց.

-Գիտե՞ս, Սիլվա, արդեն 10 տարուց ավելի է, ինչ Պարույրը չկա, ու երբ գրիչը վերցնում եմ հուշեր գրելու, զգում եմ, որ չեմ կարողանում. նա ինձ համար երբեք հուշ չի դառնում:

Վթարից մեկ ժամ հետո Արարատի շրջանի հիվանդանոցում էի: Ասես քնած լիներ, միայն քունքին փոքրիկ , շատ փոքրիկ վերք կար: Թվում էր աստղ է կպել ճակատին: Բժիշկն ասաց, որ կինը՝ Նելլին, դեռ կենդանի է և ձեռքով անվերջ կողքի անկողինն է շոշափում ու կրկնում. «Ու՞ր ես Պարույր»...
...Պատմեց նաև, թե ինչպես են  ծանոթացել.

«Պատերազմից վիրավոր վերադարձել էի: Տրամվայի կանգառում ինձ ծանոթ մի աղջկա՝ Սուսաննայի հետ տեսա մի անշուք արտաքինով տղայի: Զրուցեցինք: Մի երկու կանգառ և այդ տգեղ պատանին ամենահմայիչը դարձավ: Դա Պարույրի հետ մեր առաջին հանդիպումն էր: Համալսարանում սովորելու տարիներին առաջին զեկուցումը իմ մասին Պարույրը կարդաց: Նույնիսկ միասին բանաստեղծություն ենք գրել: Պարույրը թղթերի մեջ պահած է եղել, վերջերս Ալբերտ Արիստակեսյանը ասաց:

Ի դեպ ինձ խնդրեց, որ անպայման կարդամ Սևակի վաղ շրջանի գրված գործերը: Դավթյանը մի քանիսը անգիր գիտեր. «Քանզի դու էիր միայն, հասկացար ապրումներս խելագար...«Ճաշակած մայրական գգվանքի կարոտի լեղին...»:
Զարմանալի հիշողություն ուներ Վահագն Դավթյանը, կարող էր ժամերով անգիր ասել սիրած բանաստեղծությունները, նաև ռուսերեն, բայց երբեք չլսեցի, որ իր գործերից արտասաներ...

...Կինո «Նաիրի»-ի հարևանությամբ մի հանրակացարան կար, այժմ « Հյուրերի տուն»  է կոչվում, անցնում ենք կողքով: Ցույց տվեց այն սենյակի պատուհանը, որտեղ միասին ապրել են Պարույր Սևակը, Վազգեն Գևորգյանը, Սուրեն Աղաբաբյանը և ինքը:

Ամենավերջին պապտուհանն էր, ասաց.  «Ծայրահեղ սենյակ, էինք դրել անունը: Պարույրը շատ օրինակելի ուսանող էր. ա՜յ մարդ, գիշերները, որ քունը չտանի, ոտքերը դնում էր սառը ջրով տաշտի մեջ, սեմինարի համար Մարքսի  «Կապիտալ»- ը մշակում...

Երկու տարով ինձնից փոքր էր , բայց ինձնից բարձր կուրսում էր սովորում, չէ՞-որ, ինձ դպրոցն ավարտելուց հետո մտցրին ապրանքատար վագոնի մեջ ու տարան պատերազմ: Գիտե՞ս ,հրաշք է, որ ես ապրում եմ. իմ ծնված թվականի տղաների ընդամենը 3 տոկոսն է վերադարձել պատերազմից: Մի հրաշալի ռուս հրամանատար ունեինք՝ Միշուլին ազգանունով: Գերմանացիները հենց ռմբակոծում էին, ինձ ուղարկում էր խոհանոց: Գիտեր , որ բանաստեղծություններ եմ գրում, ինքն էլ Եսենին էր պաշտում.....



Սիլվա Յուզբաշյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին