▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞վ էր Պանիկովսկին հեղափոխությունից առաջ (իմա՝ Պետեկամուտների կոմիտեն՝ մարտի մեկից առաջ)

Օրերս ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելեց Պետեկամուտների կոմիտե: Առաջին հայացքից բնական է թվում, որ քարոզարշավից երեք օր առաջ նախագահը կարևորել է այս համակարգի ղեկավարության հետ հանդիպելը: Հասկանալի է, որ այս կառույցը երկրի ամենաուժեղ օղակներից մեկն է, որի ճիշտ աշխատանքով է նաև պայմանավորված երկրի ներքին իրավիճակի կայունությունը: Որովհետև հարկայինի աշխատանքի շրջահայաց տակտիկայի շնորհիվ պետություն-ժողովուրդ, պետություն-գործարար աշխարհ հարաբերությունները հնարավոր են նորմալ, բարիդրացիական լինել (ժողովուրդը սովոր է այդ հարաբերությունն անվանել պատժիչ օղակ- բյուջեից փող փախցնողների հակամարտություն):

Հանդիպման ժամանակ Ս. Սարգսյանը հայտարարեց, որ ինքը խիստ բավարարված է Պետեկամուտների կոմիտեի կատարած աշխատանքով: Այս առթիվ տարբեր մեկնաբանություններ եղան: Բայց բոլորը մոռացել են մի կարևոր հանգամանք, որով կարող է պայմանավորված լինել նախագահի գոհունակությունը: Հիշենք նախորդ ընտրությունների նախօրեն:

Ո՞վ էր Պանիկովսկին հեղափոխությունից առաջ (իմա՝ Պետեկամուտների կոմիտեն՝ մարտի մեկից առաջ):

Ուղիղ հինգ տարի առաջ, երբ այս ոլորտը ղեկավարում էր Վահրամ Բարսեղյանը, ընտրությունների նախօրեին ՊԵԿ-ը հանկարծ դարձավ պատժիչ ջոկատ: Բառի բուն իմաստով: Հարկայինը կատաղի հարձակման անցավ՝ թիրախ ընտրելով բացառապես ընդդիմադիր գործարարներին: Առաջին գրոհը Մալաթիայի բաց և փակ շուկաներում առևտուր անող ժողովրդի վրա էր: Որովհետև շուկաները պատկանում էին ընդդիմադիր Լեդի Հակոբին: Հակոբին ոչինչ էլ չեղավ: Ինչպես հարուստ էր, հարուստ էլ մնաց: Խեղճ ժողովուրդը տուժեց: Հիշենք, բռնի բերման էին ենթարկում գրեթե բոլորին, ստիպում էին ցուցմունք գրել, թե օրական ինչքան են տալիս շուկայի տերերին: Իսկ այդ մարդիկ տարբեր տեղերից էին՝ Իջևան-Դիլիջանից, Արմավիր-Արարատից, ովքեր իրենց քրտինքով ստեղծածը փորձում էին վաճառել քաղաքում:

Արդյունքում, ժողովրդի մի ստվար հատվածի ընտրություններից առաջ արհեստականորեն թշնամացրին իշխանության հետ: Դե, նրանք, էլ ինչու՞ պետք է ընտրեին Ս. Սարգսյանին: Մարդիկ համալրեցին օպերայի հրապարակում հավաքվածների շարքերը: Նույնը կատարվեց և «Բջնիի» հետ: Սուքիասյանները ինչպես միլիոնատեր էին, միլիոնատեր էլ մնացին: Բայց գործարանի փակումից հարյուրավոր մարդիկ տուժեցին: Հիշենք, հարկայինը հարձակվում էր մանր-մունր «բուտկաների» վրա, ստիպում, որ «Բջնի» չվաճառեն: Խանութների ճակատներից պատառոտում էին ընդդիմադիր թեկնածուների պաստառները (հարկայինի ի՞նչ գործն էր): Միով բանիվ՝ հարկայինը ժողովրդին թշնամացնում էր իշխանության թեկնածուի հետ:

Մեր ունեցած հավաստի տվյալներով այդ ժամանակ ՊԵԿ-ում մի երկու հոգի ըմբոստացել էին, ասելով, թե այդ քայլերով վնասում են հենց Ս. Սարգսյանին: Նրանցից ավելի պատվախնդիր մեկը մտել էր շեֆի՝ Վահրամ Բարսեղյանի մոտ ու «հաշիվ պահանջել», թե էս ինչ բարբարոսություն եք անում: Բարսեղյանի պատասխանը հետևյալն է եղել՝ նախագահ Քոչարյանն է կարգադրել: Դե, իրենք էլ Պապից ավելի կաթոլիկ էին եղել:

Ահա, թե որտեղ է թաղված «շան գլուխը»: Երևի նախագահը այս կառույցից այսօր գոհ է նաև այն պատճառով, որ այսօրվա ՊԵԿ-ը աշխատում է չհրահրել ժողովրդին, փորձում է «պատժիչ ջոկատի» պիտակը թոթափել իրենից: Ով ինչ ասես գրում է ՊԵԿ-ի նախագահ Գ. Խաչատրյանի դեմ, նայած ինչ են պատվիրում: Բայց, մի բանում բոլորն են համոզված՝ Գագիկ Խաչատրյանը Վահրամ Բարսեղյան չէ: Բավականին շրջահայաց է, և ինչպես շատ գործարարներ են վկայում, երբ անգամ նա տուգանում-պատժում է գործարարներին, ամեն ինչ անում է չափի մեջ, և պատժված գործարարը չի դժգոհում:

Չէ, մենք Խաչատրյանին չենք գովերգում: ՊԵԿ-ը մնում է ՊԵԿ:

Պարզապես Սերժ Սարգսյանը դասեր է քաղել նախորդ ընտրություններից և ՊԵԿ-ից գոհ է նաև այն պատճառով, որ նախորդ ընտրությունների նման հարկայինները համը չեն հանում:

Աղբյուրը` «Հայացք» թերթ

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին