▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ողորմելիների» շքերթը.Սյունիքի մարզպետի հավանական թեկնածուների մասին

Վերջին օրերին շատ է գրվել և խոսվել հունիսի 1-ին Գորիսում տեղի ունեցած դեպքերի և արդեն իսկ նախկին մարզպետ Ս. Խաչատրյանի (Լիսկայի) մասին, այնպես որ, այս հոդվածով կխոսեմ հիմնականում մեկ այլ տխուր երևույթի մասին՝ թե ինչպես երբեմնի «հզոր» կոչվող մարդու կողքին պարզվեց, որ նրա համար  ծանր պահին ոչ-ոք չմնաց: Այդպես էլ նրա շրջապատից և ամենօրյա սեղանակիցներից այս օրերին բացարձակ որևէ դրական խոսք չուղղվեց նրա հասցեին, այլև ընդհակառակը՝ պաշտոնանկությունից անմիջապես հետո աթոռի համար առաջին հերթին կատաղի պայքար մղեց հենց նրա ամենօրյա շրջապատը:

Առաջինը «բացահայտվեց» Սյունիքի մարզում իրեն վաղուց վարկաբեկած անդեմ ու անսկզբունքային փոխմարզպետ Ա. Դոլունցը, որն շտապեց հայտարարել, թե իր ու  Լիսկայի հարաբերությունները ստեղծվել են միայն մարզպետարանում աշխատելու ժամանակ. նախ ցանկանում ենք դիմել՝ այ «ողորմելի», այդ ու՞մ ես փորձում խաբել, չէ՞ որ շուրջ 20 տարի  դու նախ Գորիսում, ապա մարզում կատարում ես Ս. Խաչատրյանի «աչքերի և ականջների» պարտականությունը, և որքան էլ փորձես դիմակավորվել, միևնույն երբեք որևէ պարագայում մարզպետ չես լինի, հակառակ դեպքում դա կլինի Ս. Սարգսյանի ամենախայտառակ որոշումը:

 Մարզպետի աթոռի հաջորդ հավակնորդ ակտիվիստները, դրանք մարզի քաղաքապետերն էին, որ սկսեցին լրատվական շքերթը, որին սկիզբ դրեց Սիսիանի քաղաքապետ Ա. Հակոբջանյանը: Մարդ, որը վերջին ամիսներին թաքնվում է լրատվամիջոցներից՝ չանդրադառնալով իր գործունեության հրապարակումներին, միանգամից հանդես է գալիս ծավալուն հարցազրույցում, կցկտուր պատասխանում է լրագրողի հարցերին ու անմիջապես շտապում իր «հեղինակավոր» խոսքում ասել, թե .«Սյունիքում պատահական մարդ մարզպետ չի լինի», դրանով հասարակությանը ցույց տալով, որ Ս. Խաչատրյանը այսքան տարի պատահականություն է եղել: Մնում է հարցնել. այ «ողորմելի», որ Ս. Խաչատրյանը պատահականություն է,  բա դո՞ւ ինչ չարիք ես Սիսիանի համար:

Դրանից հետո հանդես է գալիս ոչ ավել ոչ պակաս Քաջարանի քաղաքապետ ոմն Վարդանիկը, որն իր ամբողջ կյանքն  ապրել և ապրում է  այնպիսի կարգավիճակով, որ մնա աննկատ: Բոլորին է հայտնի  քաղաքապետ դառնալու  նրա  պատմությունը, որն իրականացավ միմիայն Մաքսիմ Հակոբյանի ցանկությամբ, և երբ լարված էին Մաքսիմի և Լիսկայի հարաբերությունները, նա վայրկյանների ընթացքում թռավ Լիսկայի գիրկը:

Մարդ, որն անգամ  սեփական կարծիք,  սեփական խոսքի իրավունք չի ունեցել այս տարիների ընթացքում, իրեն թույլ է տալիս մտածել,  որ մի քանի գրոշով կարող է այդպիսի անձնական գովազդով ուշադրություն գրավի: Ասում են նա այնքան է որգևորված մարզպետի աթոռի երազանքով, որ հունիսի 12-ին այցելել է Ա.Մարգարյանի շիրիմին,  որպեսզի իրեն ավելի մոտ զգա ՀՀ քաղաքական իշխանություններին և բարևելու հնարավորություն ունենա: Մնում է նաև այս պարոնին ևս հարցնել  այ «ողորմելի»գոնե գիտե՞ս, թե ուր ես խցկվում:

Քցողների և աթոռապաշտների զավեշտը վրա հասավ, երբ արդեն Գորիսի քաղաքապետ Ն. Ոսկանյանը իր մարզպետ դառնալու ցանկության մասին բարձրաձայնեց: Մարդ, որը շուրջ 10 տարի լինելով քաղաքապետ, այդպես էլ գոնե 10 րոպեով անգամ քաղաքապետարանի կնիքը ինքնուրույն չտնօրինեց, մարդ, որն ի պատասխան Ս. Խաչատրյանի վիրավորանքների ու ստորացումների միայն ժպտացել է, մարդ, որն այս ամբողջ ժամանակահատվածում հնարավորինս վարկաբեկել է Գորիսը և գորիսեցիներին, այսօր ցանկանում է դառնալ մարզպետ, մնում է նրան ևս հարցնել այ «ողորմելի» դառնում ես մարզպետ որ ի՞նչ անես…

Մարզում նշում են նաև որ մարզպետ դառնալու ցանկություն ունեն նաև Ագարակի և Մեղրու քաղաքապետերը, որոնք այդ մասին առայժմ չեն բարձրաձայնում մինչև …

Ինչպես երևաց այս հոդվածում, Ս. Խաչատրյանի գովքը անող, հոտընկայս կենացը խմող, մեքենայի դուռը բացող-փակող այս «պարոնները» տեսնելով խորտակվող Ս. Խաչատրյանին ոչ միայն արագ լքեցին, այլև հայտ ներկայացնելով մարզպետի աթոռին տիրանալու նրան անուղղակի ասում են.

-Այ Սուրիկ, մենք քեզ հավասար ենք, նույնիսկ մի բան էլ ավել…

Ի միջիայլոց Սուրիկի շրջապատից էլի կան մարդիկ, որոնք մեծ ցանկություն ունեն մարզպետ դառնալու և այս օրերին Երևանում բարձր ատյանների դիմացի սրճարաններում նստած սպասում են հանդիպել որևէ պաշտոնյայի՝ թեկուզ վարորդին, որ գնան Սյունիք և ասեն, որ իրենք ևս «դաբրո» ունեն մարզպետ դառնալու…

                                                                                                                 Դավիթ Ավետիսյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին