Համացանցում ստորագրահավաք է սկսվել` «Երևանի քաղաքապետարան: Անվավեր ճանաչել Երևանում տրանսպորտի ուղեվարձի թանկացման վերաբերյալ որոշումը» պահանջով:
Ստորագրահավաքի կազմակերպիչների հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.
«Երևանի քաղաքապետարանի որոշմամբ ս.թ. հուլիսի 20-ից Երևան քաղաքում երթուղային տաքսիների, ավտոբուսների և տրոլեյբուսների ուղեվարձը թանկացել է 50-100% - ով, ինչի վերաբերյալ պատկան մարմինները տվել են, մեղմ ասած, անտրամաբանական հիմնավորումներ: Ելնելով վերոհիշյալից՝ մենք՝ ՀՀ քաղաքացիներս, պահանջում ենք Երևանի քաղաքապետարանից անվավեր ճանաչել վերոհիշյալ որոշումը՝ ուղեվարձը թողնելով մինչև հուլիսի 20-ը եղած սահմաններում»:
Հիշեցնենք, որ այսօրվանից հասարակական տրանսպորտի ուղեվարձը դարձել է 150 դրամ, ինչը բողոքի ալիք է բարձրացրել: Համացանցում մի շարք նախաձեռնություններ են ստեղծվել: Այսօր առավոտվանից մայրաքաղաքի տարբեր հատվածներում ակտիվիստները թռուցիկներ են բաժանում: