▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պարզաբանում. Տաթևիկ Ռևազյանի Դանիա մեկնելը որևէ կապ չունի Հայաստանում կորոնավիրուսի տարածման հետ

Տեղեկություն էր հրապարակվել, ըստ որի  Քաղաքացիական ավիացիայի վարչության պետ Տաթևիկ Ռևազյանը Հայաստանում կորոնավիրուսի տարածման պատճառով լքել է երկիրն ու տեղափոխվել Դանիա։

«Կրկին ակտիվացան մեր որոշ «սիրելի» լրատվականների կողմից կեղծ լուրերի տարածումը: Արդեն սկսել էի կարոտել․․․Հետեւեք միայն պաշտոնական հաղորդագրություններին»,-գրել է Տաթևիկ Ռևազյանը ֆեյսբուքյան իր էջում՝ ներկայացնելով պարզաբանում:


Տեղեկատվության ստուգման կենտրոնը
կապ  է հաստատել Տաթևիկ Ռևազյանի հետ։ Նա տեղեկացրել է,  որ հղիության առիթով այժմ գտնվում է արձակուրդում։

 

«Դանիայում իմ գտնվելը որևէ կապ չունի ո՛չ կորոնավիրուսի, և ո՛չ էլ երեխայիս քաղաքացիություն ստանալու հետ։ Դանիան այժմ շատ ավելի վտանգավոր է վիրուսի տարածման առումով, քան Հայաստանը, ուստի «կորոնավիրուսից փախնելը» անհեթեթություն է։ Դանիա մեկնել եմ ընտանիքիս կողքին լինելու համար։ Ֆիզարձակուրդը պետք է սկսեր մարտի 20-ից, սակայն հաշվի առնելով, որ նույն կորոնավիրուսի պատճառով Դանիայի կառավարությունը որոշում էր կայացրել փակել իր սահմանները, ես որոշեցի մեկնել հիմա՝ օգտվելով նախորդ տարվանից մնացած արձակուրդից»,- նշել է Քաղաքացիական ավիացիայի վարչության պետը։


Ինչ վերաբերում է երեխայի քաղաքացիությանը՝ Ռևազյանը նշել է, որ Հայաստանում ծննդաբերելու պարագայում էլ երեխան կարող է Դանիայի քաղաքացի դառնալ, քանի որ այդ երկրի օրենսդրությամբ երեխայի քաղաքացիությունը որոշվում է նրա մոր քաղաքացիությամբ։

«Իմ երեխան լինելու է Դանիայի և Հայաստանի երկքաղաքացի, քանի որ 2017 թվականին, երբ ես տեղափոխվեցի Հայաստան, առաջին քայլս քաղաքացիություն ստանալը եղավ», - հայտնել է  Ռևազյանը։

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին