«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Միքայել Նահապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Գորիսի քաղաքապետի ձերբակալությունը ընդգծեց Հայաստանի հանրության համար առաջացած փակուղային իրավիճակի ողջ համատեքստը։
Ուրեմն տեսեք ինչ է ստացվում. մենք ըստ էության կորցրել ենք Արցախը, մեծ թվով մարդիկ մտածում են՝ գոնե պահենք Նիկոլին (իրականում՝ «ժողովրդավարությունը» ու «իրավական պետությունը»), որ պայմանական «նախկինները» հետ չգան։ Բայց որքան ուժեղ են փորձում պահել «ժողովրդավարությունը»՝ այնքան մոտենում են ավտորիտարիզմին, որքան շատ են փորձում այնպես անել, որ «Սերժի ժամանակ»-ը չգա՝ այնքան մեթոդաբանորեն կրկնում են «Սերժին»։ Նիկոլ Փաշինյանը ներքաղաքական կյանքում արդեն բռնել է Սերժ Սարգսյանի ճանապարհը՝ տեմպի հարցում է կաղում, բայց ոչինչ՝ նա տե՞նց ճամփաներ է քայլել։
Ակնհայտ է չէ՞, որ եթե ընդդիմադիր քաղաքապետի ձերբակալությունը տեղի ունենար «Սերժի ժամանակ»՝ մեծ թվով քաղաքացիներ, այդ թվում և ես, դուրս կգային փողոց հենց այդ պատճառով, դուրս կգային ու կասեին «Սարքել եք ստալինիզմ», կասեին «Մե՛զ թա՛գա՛վո՛ր պե՛տք չի՛»։
Բա ու՞ր են այդ մարդիկ, ու՞ր եմ ես։ Ու այս հարցով բացվում է փակուղու մյուս պատին նայող տեսարանը։ «Սերժի ժամանակ» փողոց դուրս եկող այդ քաղաքացիների ձայնը վճռական նշանակություն ունենալու պոտենցիալ ունի՝ այն կարող է թեքել նժարը մյուս կողմ։ Իսկ մյուս կողմում էլ բնավ ժողովրդավարության, իրավականության մասին խոսք չկա։ Դավաճանների, դատվողների, հաշվեհարդարի, վրան թքելու, սերնդեսերունդ նվաստացնելու մասին խոսք կա՝ ժողովրդավարության ու իրավականության մասին՝ չկա։
Ահա սա է փակուղին, երբ մեզ կանգնեցում են ընտրելու բացարձակ ավտորիտար երկու բևեռների միջև, որոնցից որևէ մեկը չի տալու այն ինչ պետք է, և որևէ մեկը չի խոստանում, որ չի ստորագրի այն փաստաթղթերը, որոնք մոտ ապագայում կարող են ստորագրվել։
Հետևաբար պիտի հարց հնչի, կամ հնչի պնդում. նրանց պայքարը դուրդ չի գալիս՝ քոնը սկսի։ Հարյուր տոկոսով համաձայն եմ այս պնդման հետ, որն ըստ էության առաջարկ է փողոց դուրս գալու կամ մի այլ պրոցես սկսելու, դա առաջարկ է՝ դառնալու երրոդ բևեռ, որը ազատ կլինի մյուս երկուսի ձևակերպած օրակարգից։ Իդեալական պլան է թվում, բայց.
1. Կարճաժամկետ ապագայի վրա ի՞նչ գեոպոլիտիկ հաշվարկ է գործում այս տարածաշրջանում։
2. Արդյո՞ք կտրուկ շարժումները չեն դարձնի մեզ գործիք՝ մեր պետության դեմ։
3. Ի՞նչ կարող ենք անել Արցախի հարցում, ի՞նչ կարող ենք անել Հայաստանի հարցում։
Առանց այս երեք հարցերի պատասխանը ունենալու կամ գոնե այս հարցերի պատասխանն ունենալու ճանապարհը մոտավոր գիտենալու՝ մենք փողոց դուրս գալով դառնալու ենք «Աստված մի դուռ կբացի», «Մենք պլան ունենք, բայց չենք ասի, որ չփչանա», «Մեզ կողքից կաջակցեն» տեքստով տասնամյակներ շարունակ փողոց դուրս եկած ու տուն գնացած հեքիմների շքերթի մի համեստ քայլորդ (ու գոնե ոչ նրանցից լավագույնը) կամ գործիք սեփական պետության դեմ։
Իսկ մինչ այդ զբաղվեք ձեր գործերով, կամ նրանով՝ ինչ ճիշտ եք համարում, մտածեք հեռու ու մոտ ապագայի մասին, լավ գաղափարներ ունենալու դեպքում կիսվեք՝ զրուցենք, ու հիշեք, որ հիմա նույն բզի երկու ծայրերը իրար կպցնելու գործընթաց է գնում։
Պի՛նդ կացեք»։