Այսօր առավոտյան Ֆրանսիայի հրապարակում Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը մոտեցավ ընդդեմ Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի վարչապետության բողոքի ակցիաները գլխավորող Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանին և նրան փոխանցեց հավաքը դադարեցնելու՝ Ոստիկանության նախօրեին կայացրած որոշման ծանուցումը:Փաշինյանը պատռեց Ոստիկանության ծանուցումը և դեն նետեց դրա կտորները: Քիչ անց ցուցարարները՝ Փաշինյանի գլխավորությամբ, փակեցին Աբովյան փողոցը: Ընդդիմադիր գործիչը նաև բոլոր քաղաքացիներին կոչ արեց դուրս գալ փողոցներ, փակել դրանք, մտնել պետական գերատեսչությունների շենքեր և նստացույց սկսել այդ շենքերում՝ առանց ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու:
Հիշեցնենք, ավելի վաղ Ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել «ուղղված Նիկոլ Փաշինյանին»։ Հաղորագրությունում մասնավորապես ասված է. - «Բաղրամյան պողոտայում Ձեր կողմից ղեկավարվող հավաքի մասնակիցների բռնի գործողությունների արդյունքում կոպտորեն խախտված է հասարակական կարգը: Ոստիկանության բոլոր նախազգուշացումները, պահանջները և սահմանափակիչ այլ գործողություններն այլևս անարդյունավետ են, ուստի ղեկավարվելով «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածով՝ ոստիկանությունը Ձեզանից պահանջում է դադարեցնել հավաքը: Հավաքի վայրում Ձեր բացակայության կամ Ձեր կողմից ոստիկանության պահանջը չկատարելու դեպքում սահմանված ողջամիտ ժամկետի ավարտից հետո Ոստիկանությունը կցրի հավաքը՝ կիրառելով ուժ և հատուկ միջոցներ»: