ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Կարճ՝ երեկվա մասին
1) Ադրբեջանական ցանցը Հայաստանում՝ իր ուղղակի կամ անուղղակի գործակալների միջոցով, տարածում է հայ-ադրբեջանական ընդհարման տեսանյութից մի կտոր, որտեղ երևում է, թե ոնց են ադրբեջանական զինվորները լկտի պահում իրենց մեր զինվորների նկատմամբ, բռնություն գործադրում: Կադրից դիտավորյալ դուրս է թողնվում մեր տղերքի «արձագանքը», որպեսզի մաքսիմալ շահարկման թեմա դառնա, որպեսզի հնարավորինս նսեմացված զգանք մեզ և, բնական է, մեղավոր փնտրենք:
2) ՀՀ ՊՆ-ն տեղեկատվական այս հարձակումների ֆոնին երեկ՝ մայիսի 19-ին, չգտնելով նման իրադարձության վերաբերյալ տեղեկություն, հերքում է, իսկ մեկուկես ժամ անց հաստատում է, որ տեսանյութի հատվածը ամսի 17-ին տեղի ունեցածի տեսագրության մի մասն է, որի մասին տեղեկությունն արդեն, իսկ եղել է լրատվական դաշտում:
3) Ես հրապարակում եմ ՊՆ-ի պարզաբանումը՝ հստակ նշելով, որ ըստ ՊՆ-ի՝ նման բան տեղի չի ունեցել, հետագայում վկայակոչելով նույն աղբյուրը՝ թարմացնում ինֆորմացիան՝ կրկին հղում տալով ՊՆ հայտարարությանը: Դրան հետևում է հարձակում իմ էջի վրա, հայհոյանքներ լուսանկարներիս տակ և տեղեկատվություն, թե իբր ես ջնջել եմ էջս:
Բոլոր այն օգտատերերը, որոնք իրենց թույլ են տվել հայհոյանքներ, վիրավորանքներ, արգելափակվել են: Հավելեմ նաև, որ վերադարձնում եմ բոլոր ասածներն իրենց գերադրական աստիճանով:
4) Անճարությունից և խուճապի մատնված օգտագործելով ստեղծված լարվածությունը՝ մի փաստաթղթի լուսանկար է հրապարակվում, ուր փակված է տեքստի 95%-ը և ներկայացվում է այն իբրև նոր փաստաթուղթ, որով իշխանությունը պատրաստվում է ինչ-որ բան հանձնել, զիջել: Ակնհայտ է, որ նման բան լինելու դեպքում փաստաթուղթը կհրապարակվեր ամբողջությամբ, իսկ այս դեպքում արվում է ամեն բան խուճապ տարածելու համար:
5) Երեկ և դրանից առաջ գործի են դրվում տարբեր կլոունների գործողություններ, որոնք պետք է ապահովեն մարդկանց տեռորի ենթարկելու գործը: Համացանցում մեկնաբանություններ, տեսանյութեր գրելով՝ գիշերը փողոց հրավիրելով և հրահրելով:
Անկեղծ, զարմանում եմ, թե ինչպես կարելի է նմաններին լսել և թեկուզ 10-20 հոգով գիշերը գնալ ինչ-որ առևտրի կենտրոնի մոտ հավաքագվել կամ գնալ կառավարության շենքի մոտ:
Եվ այսպես, ի մի բերելով այն, ինչ տեղի է ունենում.
այս ամենն արվում է մի քանի պատճառով: Ակնհայտ է, որ դրսից ազդեցություն կա այդ մարդկանց վրա, նրանք ուղղակի կամ անուղղակի համագործակցում են մեր թշնամու հետ: Նպատակը՝ ներսում թուլացնել ՀՀ իշխանությանը, որպեսզի հաջողության հասնել դուրսը բանակցությունների ժամանակ:
Ակնհայտ է, որ զարգացումները, ի հեճուկս այն բանի, որ մենք պատերազմ ենք պարտվել 6 ամիս առաջ, ՀՀ-ի կողմից տարվում են ճիշտ և ավելի ամուր դիրքերից, քան սպասելի էր, բոլորի համար, և պետք է դա թույլ չտալ:
Ակնհայտ է, որ ընդամենը 30 օր հետո կայանալիք ընտրություններին իշխող ուժը բացարձակ առաջատար է, դա թույլ տալ չի կարելի ոչ մի գնով:
Ակնհայտ է, որ նպատակ կա վարկաբեկել ՀՀ իշխանության խոսքը, որպեսզի հնարավոր լինի սեփական օրակարգը թելադրել, և ՊՆ-ի երեկվա բացթողումը լավ առիթ էր:
Եվ, վերջում, այն փաստաթուղթը, որը ներկայացվել է երեկ իբրև պարտություն, իսկ իրականում շատ կարևոր և հայկական կողմին ձեռնտու, կյանքի կոչվելու դեպքում փակելու է շատ բերաններ և խուճապ է առաջացրել «ադրբեջանամերձ ընդդիմադիր» հատվածում:
Ի՞նչ անել:
Լցվել համբերությամբ, ուժով և պատրաստակամությամբ՝ լուծելու այս հարցը:
Թույլ չտալով, որ մեզ մանիպուլացնեն, խաղան մեր զգացմունքների և արժանապատվության հետ՝ ուղղորդելով այն իրենց ուզած ուղղությամբ և ամսի 20-ին ավարտի հասցնել այն ինքնամաքրման պրոցեսը, որը սկսել ենք 2018 թվականի հեղափոխության օրը:
2021 թվականի հունիսի 20-ին ընտրություններին ամենայն հավանականությամբ մասակցելու են ՀՀ նորագույն պատմության բոլոր 4 ղեկավարները, ժողովուրդը պետք է իր դատավճիռը կարդա այդ օրը:
Դուխներդ՝ տեղը, գլուխներդ՝ բարձր»: