Այսօր՝ հուլիսի 25-ին, ՀՀ ՊՆ վարչական համալիրում ՀՀ և արտերկրի ռազմաուսումնական հաստատությունների 2017-2018թթ. ուսումնական տարվա շրջանավարտների ավարտական վկայականների հանձնման հանդիսավոր արարողության ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի՝ օրերս «EaDaily»-ին տված հարցազրույցին, նշել է.
«Պաշտպանության նախարարը շատ ճիշտ է արել, որ այդպիսի հայտարարություն է արել: Կարծում եմ՝ պաշտպանության նախարարի աշխատանքն է այդպիսի հայտարարություններ ոչ միայն անելը, այլ այդ հայտարարությունների բովանդակությունը անհրաժեշտության դեպքում ապահովելը»,- հայտարարել է նա:
Հիշեցնենք, որ Դավիթ Տոնոյանը հայտարարել էր.
«2016 թ. ապրիլյան մարտերից հետո մենք առաջին հերթին ռազմական հետևություններ ենք արել: Ադրբեջանին թույլ չի տրվելու պահպանել իրավիճակի սրման տեղը, ժամանակը և մասշտաբը որոշելու մենաշնորհային իրավունքը: Հետևություններ են արվել նաև գործնական և մարտավարական մի շարք հարցերի շուրջ: Արդյունքում մենք իրականացրել ենք անհրաժեշտ փոփոխություններ այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են զորքերի տեղակայումը, մարտական խնդիրների իրականացումն առաջնագծում և սպառազինությամբ ու զինտեխնիկայով ապահովումը»: