Թուրքիայի Քոջաելի նահանգի Քարթեփե շրջանում ուշագրավ դեպք է տեղի ունեցել: Շրջանի ՏԻՄ մարմիններից մեկը պատվիրել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի արձանը, սակայն այնուհետև ոչ ոք չի հետաքրքրվել պատրաստված արձանով, այն այդպես էլ մնացել է քանդակագործի մոտ:
Թուրքական «Sözcü» թերթի կայքի տեղեկացմամբ՝ քանդակագործ Նոյ Աչընը դեռևս հուլիսի 15-ի հեղաշրջման փորձից առաջ քաղաքապետարաններից մեկից ստացել է Էրդողանի արձանը կերտելու պատվեր: 2 տոննա կշռող և 4 մետր բարձրություն ունեցող արձանի աշխատանքները տևել են շուրջ մեկ ամիս:
Սակայն երբ արձանն արդեն պատրաստ է եղել, ոչ ոք չի հետաքրքրվել արձանի ճակատագրով և չի եկել այն տանելու: Քանդակագործն էլ ստիպված այն տեղադրել է իր արհեստանոցի դիմաց: Փողոցով անցնողները լուսանկարվում են «Էրդողանի» հետ, կամ քանդակագործին հարցուփորձ անում արձանի պատմության վերաբերյալ:
Աղբյուր` Ermenihaber