«Կորոնավիրուսն իր հետքն է թողել ամբողջ աշխարհի վրա, բայց, ինչ խոսք, շատ ավելի մեծ վնասներ են կրել այն մարդիկ, ովքեր մինչ այդ էլ շատ դժվար պայմաններում էին ապրում: Քանի որ «Օրրան»-ն արդեն 20 տարի է, ինչ աշխատում է այդ մարդկանց հետ, փորձեցինք ամեն հնարավորին բան անել, որ նրանք այդ բարդ շրջանում ոչնչի կարիք չունենան՝ կրթությունից մինչև հոգեբանական աջակցություն. օրինակ՝ երեխա ունեինք, ում հայրը վարակակիր էր, ինչի հետևանքով էլ երեխան ծանր ապրումների մեջ էր»,- Asekose.am-ի հետ զրույցում ասաց «Հայաստանի պատանեկան նվաճումներ»-ի տնօրեն և «Օրրան» բարեգործական կազմակերպության հիմնադիր Արմինե Հովհաննիսյանը:
Վերջինիս խոսքով՝ այս շրջանում «Օրրանը» նվիրատվությունների նվազում է գրանցել, սակայն դա չի խանգարել իրենց շարունակել գործունեությունը.
«Այս օրերին «Օրրան»-ի երեխաները բախվում էին տարբեր խնդիրների՝ չէին կարողանում հեռավար դասերին մասնակցել (համակարգիչ չունեին կամ ինտերնետային կապ), նորմալ սնունդ չէին ստանում, քանի որ չէին կարող այցելել մեզ, և այսքանով, սակայն, խնդիրները չէին ավարտվում: Այնպես կազմակերպեցինք մեր աշխատանքները, որ երեխաները «Օրրան»-ի ուսուցիչների հետ պատրաստեցին դասերը: Հոգեբանները պարբերաբար կապի մեջ են նաև մեր տարեցների հետ, որպեսզի հստակ իմանան, թե ինչի կարիք ունեն վերջիններս:
Այս աշխատանքները հիմա էլ են շարունակվում, ինչպես արվել են 20 տարի շարունակ: Փորձում էինք սննդով ապահովվել բոլոր նրանց, ովքեր դրա կարիքն ունեն: Պարբերաբար զանգեր ենք ստանում, որոնց միջոցով մեզ փոխանցում են՝ կարոտել են «Օրրան»-ը, մեր սնունդը, կարծում եմ, որ այս ձևով նրանք էլ հասկացան «Օրրան»-ի դերն իրենց կյանքում: Մենք փորձում ենք օգտակար լինել՝ չնայած որ սննդով ապահովվելը շատ ավելի դժվար է, քան երբ երեխաները գալիս էին մեզ մոտ սնվելու: Այս շրջանը բարդ էր նրանով նաև, որ մենք նվիրատվությունների պակաս ունեցանք, բայց ծախսերը մնացին նույնը, դեռ՝ մի բան էլ ավելացան: Ի դեպ, մենք հստակ դիրքորոշում ունենք, որ «Օրրան»-ի ցանկացած աշխատակից չպետք է զրկվի իր աշխատավարձից կամ այն ստանա մասամբ, որովհետև մենք ընտանիքի անդամ ենք: Իսկ հիմա մեզ համար ամենակարևոր հարցերից մեկը ցանկացած ընտանիքի համակարգչով ապահովվելն է, որպեսզի հետագայում էլ չզրկվեն կրթության իրավունքից: Լինելով 5 երեխաների մայր՝ ես սովորել եմ խնայել, ինչն էլ արել եմ նաև «Օրրան»-ի համար, որպեսզի որևէ դեպքում ստիպված չլինենք դադարեցնել մեր գործունեությունը: Այսօր էլ ունենք մարդիկ, ովքեր մեր կողքին են, այս ամիսները հաղթահարելուց հետո, կարծում եմ, նոր դռներ կբացվեն»:
Արմինե Հովհաննիսյանը զրույցում նշեց, որ որքան էլ դժվար շրջան է, սակայն «Օրրան»-ը չէր կարող անտեսել Հունիսի 1-ը՝ երեխաների պաշտպանության միջազգային օրը.
«Մենք չենք կարողացել մեծ միջոցառում կազմակերպել, ինչպես դա կանեինք նախկինում, սակայն չէինք էլ կարող անտեսել այս տոնը: Առհասարակ, հունիսի մեկը նշելը մեզ համար դարձել է ավանդույթ: Այսօր էլ ընտանիքները մեր կողմից սնունդ են ստանալու, իսկ երեխաները՝ իրենց սիրելի ուտեստները: Իհարկե, այս ամենն անում ենք հետևելով այս օրերի համար նախատեսված ցուցումներին: Մենք ցանկանում ենք ամեն ինչ անել, որպեսզի երեխաներն իրենց սիրված զգան և գիտակցեն, որ տոն է: Մենք դեռ կհասնենք մեծ միջոցառում անել, իսկ մինչ այդ մենք կշարունակենք մեր առաքելությունը, ինչն էլ անում էինք ամեն օր՝ արդեն 20 տարի»:
Դիտեք նաև՝
Դիտեք նաև՝