Երեկ առավոտյան «Ջրաշխարհից» մինչև «Բելաջիո» ճանապարհահատվածը, այնուհետև նաև՝ Հերացու փողոցը խցանված էր: Այդ մի քանի հարյուր մետրն ավտոմեքենաներն անցան մոտ մեկ ժամում: Դե, սեպտեմբերի 1-ն էր, մտածում էին՝ այդ է պատճառը: Իսկ իրականում բոլորովին այլ պատկեր էր:
Շքեղ, սպիտակ կառք՝ չորս սպիտակ ձիերով... դպրոց էին տանում երկու առաջին դասարանցու: Երեխաներն էին ու «կառապանը»: Հետևից ողջ ճանապարհը փակված էր, կառքին հետևում էին «եշկա» մակնիշի մի քանի մերսեդեսներ ու սև ջիպեր, ոչ մեկին թույլ չէին տալիս շրջանցել խիստ դանդաղ ընթացքող կառքը, որը դպրոց էր տեղափոխում ինչ-որ օլիգարխի թոռների:
Լկտիությունն էս ու՞ր է հասել: Ու՞մ են զարմացնում: Այս անմեղ երեխաներն, անշուշտ, ոսկե մեդալով կավարտեն դպրոցը՝ անկախ ընդունակություններից, նաև ինստիտուտը, նրանք երբեք բանակ չեն զորակոչվի, Սեյրան Օհանյանն էլ կբացատրի, թե ինչու չեն հարուստների երեխաները հայտնվում առաջնագծերում...
Ո՞վ կարող է պարզել՝ ում կառքն է չորս սպիտակ ձիերով, ու՞մ երեխաներն են դրանով դպրոց գնում, և ո՞վ է հարյուրավոր մարդկանց երեկ աշխատանքից ուշացրել՝ իր «կայֆի» համար:
Աղբյուրը` nyut.am