Լրագրողի մասնագիտությունը աշխարհում ամենակարևոր և պատասխանատու մասնագիտություններից մեկն է, բայց երբեմն որոշ լրագրողներ իրենց պատասխանատվությունների մասին պարզապես մոռանում են: Այսօր լրատվական կայքերից մեկը տարածեց մի տեղեկատվություն, որը շատ լայն արձագանք ստացավ և խուճապ առաջացրեց հասարակության շրջանում: Քիչ էր մնում այդ լրատվական կայքն ասեր, որ պատերազմը վերսկսվել է և մարդկանց էվակուացնում են վտանգավոր վայրերից, և այդ ամենն արեց առանց մեկ վայրկյան մտածելու դրա հնարավոր հետևանքների մասին:
Կայքում մասնավորապես ասված էր հետևյալը. «Ադրբեջանական կողմը մոտ 1 ժամ առաջ կրակ է բացել Տավուշ մարզի սահմանամերձ Այգեպար եւ Ներքին Կարմիրաղբյուր գյուղերի ուղղությամբ. գյուղացիներին տարհանել են իրենց տներից եւ այժմ նրանք գտնվում են հատուկ կացարաններում:» Սա ամենաանպատասխանատու հայտարարությունն է, որ կարել էր անել՝ առավելևս չունենալով ոչ մի հավաստի տեղեկություն և չփորձելով ստանալ դա համապատասխան պետական մարմնի կողմից: Մի քիչ ավելի ուշ ՊՆ մամուլի քարտուղարը անդրադարձավ սահմանին լարված իրավիճակին և հերքեց բոլոր այն լուրերը, որ մարդկանց տարհանում են իրենց տներից և կոչ արեց զերծ մնալ նման հայտարարություններից:
Կարծում եմ, որ մեր, որոշ կայքեր հանուն սեփական շահի՝ հավելյալ «լայք»-ի (click) կամ էլ դիտման համար պատրաստ են ամեն ինչի, բայց ես էլ իմ համեստ անունից ցանկանում եմ կոչ անել, մեր լրագրողներին հետևել իրենց լրագրողական էթիկային և լինեն մի քիչ հայրենասեր և ընդհանուրի մասին մտածող: Ցավալի է, որ մարդկանց հուսահատության, խուճապի, վախի մթնոլորտում, որոշ մարդիկ փորձում են գումար աշխատել, ասել է թե ձուկ որսալ պղտոր ջրում:
ԲլոգՆյուզ