▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քաղաքական ուժերն ու գործիչները միշտ կու՞յս են. «Ժամանակ»

Հատված ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ՄԱԿ կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանի հետ`«Ժամանակ» թերթը հարցազրույցից. 

«Պարոն Արսենյան, ինչպե՞ս եք գնահատում ոչ իշխանական կուսակցությունների քաղաքական հանդիպումները եւ ի՞նչ ակնկալիք ունեք դրանից։

Կուսակցություններ են, հանդիպում են, քննարկում են, ամենօրյա աշխատանք է։ Ակնկալիքները սովորական են, կարծում եմ ՝ ինչ-որ դրական բան կստացվի։

Այդ հանդիպումների հետ կապված անվստահություն է առաջանում քանի որ հատկապես ԲՀԿ-ն չի բարձրացնում Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջը, փոխարենը պահանջում է կառավարության հրաժարականը։ Մինչդեռ ՀԱԿ-ը պնդում է նաեւ նախագահի հրաժարականը։ Սա բավականին կոշտ տարբերություն է այդ ուժերի քաղաքականության մեջ։

Դա հակասություն չէ, շահագրգիռ կողմերն են փորձում այդտեղ արհեստածին հակասություն գտնել։ Քաղաքական ուժերը փորձում են հարթության մեջ ընդհանուր կետերը գտնել։ ՀԱԿ-ը, օրինակ, 2008թ. նախագահական ընտրություններում հակամարտության կողմ է եղել, հակամարտությունն ավարտվել է արյունահեղությամբ։

Ո՞վ էր դրա համար պատասխանատու՝ իշխանություննե՞րը, թե՞ ընդդիմությունը։

Կարծում եմ՝ 80 տոկոսը իշխանությունները, 20 տոկոսը՝ ընդդիմությունը։

Այդ դեպքում ինչպե՞ս եք 20 տոկոսանոց մեղք ունեցող ուժի հետ գնում համագործակցության։ Հիշենք նաեւ այն հանգամանքը, որ  Փաստահավաք խումբը փաստաթուղթ էր հրապարակել, որի համաձայն ՊՆ պահեստներից ամենաշատը զինվորական համազգեստ է  ստացել Գագիկ Ծառուկյանը։ Ենթադրվում էր, որ այդ համազգեստները հագել են այդ փաստաթղթում առկա պաշտոնյաների թիկնապահները։

Ես իրականացրել եմ այդ ուսումնասիրությունը եւ պնդում եմ, որ նման բան  ՊՆ թիկունքի ծառայության համապատասխան զորամասերում տեղի չի ունեցել։

Իսկ այդ հարցը հիմա քննրկո՞ւմ եք ՀԱԿ-ի հետ, ասո՞ւմ եք, որ նման բան չի եղել։ Նրանք ընդունո՞ւմ են ձեր բացատրությունը։

Եթե դուք ուշադիր լինեիք, ես Մարտի 1-ի հանձնաժողովի ստեղծման քննարկմանը իմ ելույթում դրա մասին հայտարարեցի։ Եվ ՀԱԿ-ի բոլոր ներկայացուցիչները գլուխները այսպես էին անում (ցույց է տալիս դրական շարժում)։ Քաղաքական դիալեկտիկա գոյություն ունի, որի ընթացքում փոխվում են նաեւ առաջնահերթությունները։

Այսինքն՝ քաղաքականության մեջ ցանկացած ուժի հետ ցանկացած համագործակցություն ընդունելի է, եթե նույնիսկ ոչ վաղ անցյալում այդ ուժին համարում էին իրենց հակառակորդը։

Քաղաքականությունը  նման չէ, օրինակ, ֆիզիոլոգիային, որը եթե մի անգամ կուսությունը կորցրեց, դրանից հետո չի վերականգնվի։

Այսինքն՝ քաղաքական ուժերն ու գործիչները միշտ կույս են։

Քաղաքականությունը հնարավոր գործողությունների արվեստ է, եւ այդ արվեստի նպատակը պետք է լինի շահառուների՝ ՀՀ բնակիչների շահերի սպասարկումը»:

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Ժամանակ»  թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին