▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քննադատություններից և քննադատվելուց բացարձարկապես չեմ խուսափում. Ասատուր Ասլանյան

Asekose.am-ի զրուցակիցը Ժողովրդական երգիչ Ասատուր Ասլանյանն է: Վերջինս մեզ հետ զրույցում խոսել է սպասվող համերգի ու անակնկալների,կորպորատիվ միջոցառումների մասնակցելու , տեսահոլովակ չնկարահանելու պատճառների մասին և ոչ միայն:

Ասատուր, արդեն 10 տարի է՝ բեմում եք և այս 10 տարիների ընթացքում բազմաթիվ համերգներ ու մենահամերգներ եք ունեցել: Հետաքրքիր է՝ չկա՞ ցանկություն տեսահոլովակ ներկայացնելու:

Գիտեք, արդեն 10 տարուց ավել, լինելով աշուղական և ժողովրդական երգարվեստում, չեմ տեսել զգալի փոփոխություն՝ իմ կոլեգաների նկարահանած տեսահոլովակների արդյունքում: Երևի թե գլխավոր պատճառներից մեկն էլ հենց դա է, որ չեմ նկարահանում տեսահոլովակներ: Ես շարունակում եմ ստեղծագործել, համերգներով հանդես գալ և՛ մայրաքաղաքում, և ՛ մարզերում: Ինձ համար առաջնային է համերգից հետո տեսնել մարդկանց ջերմ դեմքերը, ջերմ ժպիտներն ու բուռն ծափերը: Իսկ թե տեսահոլովակ նկարահանելու ցանկություն մեկ օր կառաջանա, այս պահին հստակ չեմ կարող ասել:

Հետաքրքիր է՝ արդյո՞ք մասնակցում եք կորպորատիվ միջոցառումների, և եթե այո, ապա կան Ձեր առջև դրված հստակ կետեր, որոնց բացակայության դեպքում, կմերժեք առաջարկը:

Կարծիք է ստեղծվել, թե Ասատուր Ասլանյանը չի մասնակցում կորպորատիվների, սակայն նման բան չկա: Իհարկե, ինձ համար կարևոր է մի կորպորատիվ միջոցառման մասնակցելու հրավերն ընդունելուց առաջ հասկանալ՝ինչպիսի միջոցառման եմ մասնակցում: Ինձ համար նշանակություն ունի այն, որ միջոցառումը լինի ճաշակով և որ մարդիկ իմանան, թե ում են կանչում  և ինչու: Կարևոր է ինձ համար փաստը, որ երգիչն ում իրենք հրավիրում են, դիտվի որպես արվեստի մեկնաբան և ոչ ֆոն ապահովող անձ:

Ասատուր, գիտեմ, որ պատրաստվում եք նոր համերգով հանդես գալ: Կցանկանայի մանրասներ մեզ տրամադրեիք՝սպասվող համերգի, երեկոյի անակնկալների և հյուրերի մասին:

Ես այն երգիչներից եմ, ով որևէ մեկին ինչ որ բան ապացուցելու, կամ անընդհատ երևալու համար չէ, որ համերգներ է ունենում, ես անում եմ մենահամերգներ Երևանում տարեկան 2 անգամ՝խնդիր ունենալով հանդիսատեսին ներկայացնել որևէ նորություն, ոչ թե զուտ համերգ ունենալու համար: Ես չունեմ այդ խնդիրը: Այս մենահամերգս տեղի կունենա հուլիսի 27-ին, ժամը 19:00-ին՝ «Առնո Բաբաջանյան» համերգասրահում: Ունեմ բազմաթիվ նորություններ, երգացանկային փոփոխություններ կան: Հայոց բանակի մասին երգեր ունեմ, որոնք կկատարեմ: Սայաթ Նովա, Առնո Բաբաջանյան կհնչեն բեմից: Տարիներ առաջ իմ շատ սիրելի գործընկերուհու՝ Թամարա Ժամհարյանի հետ մենք ներկայացրել էին պարսկական ժողովրդական երգ, վերջին շրջանում ևս մեկ երգ ստեղծվեց մեր մեկնաբանությամբ, որը հուսով եմ կհնչի այս համերգին: Կլինեն նաև մեր ժամանակակից ստեղծագործողների նոր ստեղծագործություններ, որոնց առաջին կատարողի պատիվը ես ունեմ: Կլինեն նաև դուետներ, որոնց մասին շատ խոսել չեմ ցանկանա, թող որ լինի անակնկալ: Մեր օրերում երգչի մշտապես նույնը ներկայացնելը նույնն է, ինչ տեղում դոփելը: Ինձ հանդիատեսը կարող է ունկնդրել երաժշտության տարբեր ճյուղերում, բացառության ռաբիսի:

Ժամանակին բուռն քննադատվեց  Ձեր իսկ նշած Շանե պարսկական երգը, հետաքրքիր է՝ չե՞ք վախենում կրկին անգամ քննադատվելուց:

Պետք է նշեմ, որ քննադատություններից և քննադատվելուց բացարձարկապես չեմ խուսափում, քանի որ քննադատվում է այն աշխատանքը, որն իրենց ինչ որ բան է ներկայացնում:

Թեև այսօր ժողովրդական երգերը, ի տարբերություն տարիներ առաջվա, բավական ակտուալ են, բայց, այնուամենայնիվ, գերակշռողը շարունակում է մնալ 6/8 ռիթմով երաժշտությունը: Ըստ Ձեզ՝ ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկվեն՝ ժողովրդկան արվեստն ավելի տարածելու և ընդլայնելու համար:

Կցանկանամ, որ մեր հայկական լրատվականները, մեր հեռուստաեթերները մշտապես կամ գոնե շաբաթը մեկ անգամ անդրադառնան ազգային աշուղական ժողովրդական արվեստին, որովհետև այդ ոլորտի արտիստներն այն մարդիկ են, ովքեր չհետապնդելով որևէ շահամոլություն, չհետապնդելով առաջնային կոմերցիոն ցանկություններ, մատուցում են իրենց արվեստը և որ ամենակարևորն է՝պահպանում են  ազգայինը՝ մեր հիմքը, մեր դիմագիծը, որովհետև մեր դարավոր մշակույթը ՝ հրի ու սրի միջով անցնելով, մեզ պահել է հայ ու պահել է մեր դիմագիծը, իսկ մենք այսօր եթերում տեսնում ենք աֆրո շոուներ ու հնդկական սերիալներ: Մեծ ցանկություն ունեմ, որ հանդիսատեսն ընկալի, թե որն է մեր ճշմարիտ արվեստը: Սա նշելով, չեմ կարող նաև շնորհակալություն չհայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր մեր կողքին են՝ մեր սիրելի հանդիսատեսին, որ մերօրյա հայկական ժխորում շարունակում են մնալ մեր կողքին և գնահատել բնական ու ճշմարիտ արվեստը:

Հեղինակ՝Ա.Հարությունյան

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին