Ռուսաստանին հասկանալի չէ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հուզական արձագանքը Լեռնային Ղարաբաղում օտարերկրյա վարձկանների մասին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի խոսքերին: Այս մասին հինգշաբթի ՏԱՍՍ պետական լրատվական գործակալությանը հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության աղբյուրը:
«Անկեղծ ասած, մեզ այնքան էլ հասկանալի չէ հարգելի Իլհամ Հեյդարովիչ Ալիեւի հուզական արձագանքը Սերգեյ Վիկտորովիչ Լավրովի մեկնաբանությանը»,- ասել է գործակալության աղբյուրը: «Միգուցե Ադրբեջանի նախագահի օգնականները նրան ցույց են տվել ուրիշի նյութեր կամ ներկայացրել են իրենց սեփական մեկնաբանությունը»:
«Միեւնույն ժամանակ, մենք մնում ենք համոզված, որ վարձկան զինյալների ներթափանցումը Անդրկովկաս սպառնում է տարածաշրջանի բոլոր երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի եւ Ռուսաստանի կայունությանը եւ անվտանգությանը»,- հավելել է աղբյուրը: