▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուսաստանը միանձնյա այնպես կլուծի Արցախի հարցը, որ չենք էլ հասկանա՝ ի՞նչ կատարվեց

Արցախը կարող է անկախանալ և դրա համար լուրջ նախադրյալներ կան: Սկսել է կիրառվել ինքնորոշման սկզբունքը: Արդեն Արցախի հարցով ակտիվորեն զբաղվում է ԱՄՆ-ն, ինչը շատ դրական է և նշանակում է, որ խաղացողներից ոչ մեկը չի կարող թելադրել իր խաղի կանոնները,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը՝ խոսելով ևս մեկ կարևոր գործոնի մասին, որը պետք է օգտագործել.

-Մենք պետք է շնորհակալություն հայտնենք Ալիևին և Էրդողանին: Իրենց ղեկավարած երկրների վարկանիշը լրջագույն անկում է գրանցել աշխարհում.մարդու իրավունքների խախտումից բացի նրանք սկսեցին տարբեր ազգերի անձանց այս կամ այն պատրվակով ձերբակալել: Արդյունքում կորցնում են իրենց դաշնակիցներին: Օրինակ՝ Թուրքիան կորցրեց Գերմանիային, Ավստրիային: Ադրբեջանն էլ ԵԱՀԿ-ում, ԵԽԽՎ-ում խնդիրներ ունի, բլոգեր Լապշինի պատմությունն էլ հանգեցրեց Իսրայելի հետ հարաբերությունների սրմանը: Մենք պետք է աշխարհին համոզենք, որ ճանաչի Արցախը: Այնպես, ինչպես Ռուսաստանը ճանաչեց Աբխազիան: Այս գործոնները ցույց են տալիս, որ կարող են սկսվել միակողմանի ճանաչման գործընթացներ: Օրինակ՝ ԱՄՆ-ն տեսեք, թե Ուկրաինայում ինչ արեց:  Նա չմտավ «նորմանդյան ֆորմատ» (Ռուսաստանի, Ուկրաինայի, Գերմանիայի և Ֆրանսիայի առաջնորդների միջև կոնտակտները ստացել են «նորմանդյան ֆորմատ» անվանումը): Ասացին՝ կզբաղվենք Ուկրաինայով ու իրենց ֆորմատը ստեղծեցին: Հատուկ բանագնաց նշանակեցին ու նույն պահին Լավրովը հանդիպեց նրա հետ: Նույնը նաև Արցախի հարցը: ԱՄՆ-ն Արցախի հարցը Պետդեպարտամենտի մի պաշտոնյայի հանձնարարեց: Նրանք ասում են՝ այո՛, կա Մինսկի խումբը, բայց մենք նաև մեր ֆորմատով կաշխատենք: Այս փոփոխությունները մեզ համար դրական են, քանի որ եթե ՌԴ-ին թողնես լուծել հարցը, ապա այն այնպես արագ կլուծեն, որ չենք էլ հասկանա, թե ինչ կատարվեց: Իրենց շահերից բխում է Թուրքիային ու Ադրբեջանին սիրաշահելը,-նկատեց քաղաքագետը:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին