asparez.am-ը գրում է, որ հունվարի 21-ին մամուլում տեղեկություններ հայտնվեցին, թե նույն օրը երեկոյան նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանն իր ընկերների հետ մեքենաներով մոտեցել է քաղաքապետ Սամվել Բալասանյանի առանձնատանը, վերջինիս հասցեին հայհոյանքներ եւ սպառնալիքներ հնչեցրել: Նաեւ նշվում էր, թե խումբը եղել է զինված:
Որ քաղաքապետի առանձնատան մոտ նման միջադեպ է տեղի ունեցել՝ asparez.am-ի հետ զրույցում հաստատել է քաղաքապետարանի մամուլի խոսնակ Զոհրապ Եգանյանը: Նա նշեց, որ քաղաքապետն ԱՄՆ-ից Հայաստան վերադարձել է հունվարի 21-ի ուշ երեկոյան, մամուլում հրապարակված տեղեկության միջադեպին ականատես չի եղել, բայց տեղի ունեցածն ամբողջությամբ տեսագրել են տան մոտ տեղադրված տեսագրող սարքերը:
Ոստիկանությունը ոչ հաստատել, ոչ էլ հերքել է միջադեպի մասին տեղեկությունը. ոստիկանությունը ուսումնասիրում է հրապարակումները՝ փոխանցել է ՀՀ ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Արմեն Մալխասյանը:
Նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հետ կապ հաստատել կայքին չի հաջողվել, իսկ նրա գրասենյակի ղեկավար Լիլիթ Աղեկյանը նշել է, թե սփռված տեղեկությունները բացարձակ սուտ են եւ Սպարտակ Ղուկասյանի հետ որեւէ առնչություն չունեն:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում