▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սամվել Բալասանյանն առաջարկում է լուծարել Վարդան Ղուկասյանին պատկանող ընկերությունը. galatv.am

galatv.am-ը գրում է, որ Գյումրու ավագանու այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված ընդգրկված գրեթե բոլոր հարցերին ավագանու անդամները կողմ են քվեարկել, միայն մի դեպքում են որոշ տարակարծություններ առաջացել , արդյունքում որոշվել է հարցը փոփոխության ենթարկել:

Խոսքը «Քաղաքային զբոսայգի» ՓԲԸ լուծարման մասին է:

«Պարոն քաղաքապետ, ճիշտն ասած, ՊՈԱԿ-ի նոր ստեղծման ժամանակ պարզվեց, որ կա գրանցված եւ համայնքային ենթակայության ՓԲԸ քաղաքային զբոսայգի, բայց մենք քաղաքապետարանում ոչ մի փաստաթուղթ չկարողացանք հայտնաբերել, կանոնակարգ, ռեգիստրի վկայական եւ այլն: Մենք նույնիսկ կապնվեցինք ռեգիստրի տարածքային բաժանմունքի հետ, որտեղ նույնպես գրանցումը կար, բայց որոշակի տեղեկատվություն չկարողացանք ստանալ»,- ներկայացրել է հարցը զեկուցող Հենրիկ Գասպարյանը:

Դրան ի պատասխան Սամվել Բալասանյանը արձագանքել է. «Հիմա դրա համար լուծարային հանձնաժողով ստեղծենք, որպեսզի ուսումնասիրենք, թե ինչ է կատարվել էդ այգում, ինչ կա այդ այգում, համայնքն ինչպիսի սեփականություն ունի, էդ կարուսելներն ումն է եւ այլն: Մենք վերջը պե՞տք է հասկանանք, լավ, ունենք տնտեսություն, ունենք զբոսայգի, որը 6 հեկտարի վրա է, էդ ամեն ինչը պետք է պարզաբանվի: Գեղեցիկ չէ ուղղակի: Չէ որ սա համայնքային սեփականություն է, եւ բոլորիս համար պատմություն ունեցող այգի է: Հիմա դրա համար պետք է ստեղծենք լուծարային հանձնաժողով, որի կազմ պետք է ընդգրկվեն նաեւ ավագանու անդամները, որովհետեւ ոչ պայմանագիր կա, ոչ բան»,- նշել է Սամվել Բալասանյանը:

Սակայն ավագանու որոշ անդամներ, ովքեր ավագանու հին կազմից են եղել եւ երկար տարիներ աշխատել են նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հետ, սկսել են որոշակի հարցեր ուղղել Սամվել Բալասանյանին, թե ընդհանրապես ինչ պատճառով է ստեղծվում լուծարային հանձնաժողով, ինչ է անելու հանձնաժողովը, եւ կամ ինչ անհասկանալի հարցեր կան: Սամվել Բալասանյանը հայտարարել է․ «Ավագանու հարգելի անդամներ, վերջը մենք «Գորկի այգու» ճակատագիրը պետք է որոշենք, թե՞ չէ: Մենք պետք է հասկանանք՝ ինչ կարգավիճակում է գտնվում այգին: Կարող ենք, չէ՞, լուծարային հանձնաժողով ստեղծել ու պարզել հենց ձեր միջոցով»:

Սակայն ավագանու մի քանի անդամներ դարձյալ ընդդիմացել են եւ առաջարկել Սամվել Բալասանյանին ոչ թե միանգամից քվեարկել այն բանի համար, որ ՓԲԸ-ն լուծարվի, այլ նախ լուծարային հանձնաժողով ստեղծել: Ավագանու անդամ  Արամայիս Բաղրամյանը հայտարարեց. «Էդ դեպքում եկեք նախագծի մեջ փոփոխություն կատարենք «Քաղաքային զբոսայգի» ՓԲԸ լուծարային հանձնաժողով ստեղծելու մասին, կո՞ղմ եք սրան»:

Գյումրու ավագանին վերջապես կողմ է քվեարկել այս առաջարկին:

Նշենք, որ ըստ տեղեկությունների՝ «Քաղաքային զբոսայգի» ՓԲԸ-ն պատկանում է նախկին քաղաքապետի ընտանիքին, «Գորկու զբոսայգում» է գտնվում նաեւ Ղուկասյաններին պատկանող «Օազիս» ռեստորանային համալիրը:

 

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին