Հասարակական-քաղաքական ուժերի հետ խորհրդակցությունների շրջանակում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Նարինե Դիլբարյանին և կուսակցության վարչության անդամ Անդրանիկ Գրիգորյանին:
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել ներկա իրավիճակի, ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերջին զարգացումների շուրջ՝ մասնավորապես անդրադառնալով Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ Հայաստանի վարչապետի ստորագրած եռակողմ փաստաղթղթին:
Մտահոգություն է հայտնվել ստեղծված իրավիճակի առնչությամբ՝ այդ համատեքստում ընդգծելով միասնության և համերաշխության, ինչպես նաև ներքաղաքական կայունության պահպանման կարևորությունը:
Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել նաև Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամներ Վահրամ Բաղդասարյանի, Էդուարդ Շարմազանովի և ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանի հետ: Հանդիպմանը մասնավորապես անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցման վերաբերյալ Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների ստորագրած հայտարարությանն ու դրա դրույթներին: Նախագահ Արմեն Սարգսյանն ասել է, որ համազգային նշանակություն ունեցող ցանկացած հարցի լուծման պարագայում, ինչպիսին նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորումն է, կարևոր է համազգային կոնսենսուսը: ՀՀԿ ներկայացուցիչները ներկայացրել են իրենց տեսակետները հիշյալ հայտարարության տեքստի և դրա հետագա գործողության, առկա ռիսկերի վերաբերյալ, ինչպես նաև մտահոգություն հայտնել երկրում ստեղծված իրավիճակի շուրջ՝ հանդես գալով նաև որոշակի առաջարկներով:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, քաղաքական ուժերի հետ իր նախաձեռնած քաղաքական խորհրդակցությունների շրջանակում, այսօր հանդիպում է ունեցել նաև ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչների՝ խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանի և պատգամավոր Անի Սամսոնյանի հետ:
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել մասնավորապես Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների ստորագրած հայտարարության, ինչպես նաև երկրում ստեղծված իրադրության վերաբերյալ:
Պատգամավորները ներկայացրել են իրենց գնահատականները, տեսակետներն ու առաջարկները:
Զրուցակիցներն ընդգծել են համազգային միասնության և համերաշխության, ինչպես նաև ներքաղաքական կայունության պահպանման առանձնակի կարևորությունը ներկայիս իրավիճակում:
Խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի հետ իր նախաձեռնած քաղաքական խորհրդակցությունների շրջանակում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի հետ:
Զրուցակիցները մասնավորապես անդրադարձել են ղարաբաղյան հակամարտության շուրջ վերջին զարգացումներին, մասնավորապես Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների ստորագրած՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցման վերաբերյալ հայտարարությանը և դրան հետևած իրադարձություններին:
Նախագահ Սարգսյանը կարևորել է հասարակական համերաշխության և ազգային համաձայնության մթնոլորտի առկայությունը համազգային նշանակության հարցերի լուծման գործընթացներում:
«Հայրենիք» կուսակցության ղեկավարը ներկայացրել է իր գնահատականները և դիտարկումները, նշելով, որ կուսակցությունն ունի ստեղծված իրավիճակից դուրս գալու իր տեսլականը:


