▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Սասնա Ծռերի» պահանջներն անփոփոխ են. Ալեք Ենիգոմշյան

Այսօր Ազատության հրապարակում ելույթ ունեցավ նաև Սասնա Ծռեր խմբի անդամ Ալեք Ենիգոմշյանն, ով իր խոսքում հայտարարեց, որ բոլոր ներկա գտնվողներն, ովքեր մասնակցում են այս համերգին, իրենց աջակցությունն ու զորակցությունն են հայտնում բոլոր քաղբանտարկյալներին՝ հատկապես վերջին սխրագործության հեղինակներին:

«Սասնա Ծռերը շղթայեցին մեր պայքարը և այսօր էլ իրենց պայքարը շարունակում են կալանավայրերից: Մնում է, որ մենք էլ մեր հերթին հավատարիմ մնանք մեր երդմանն ու խոստմանը և դրսում շարունակենք մեր պայքարը, մինչև նրանք միանան մեզ»,- հայտարարեց նա:

Ա. Ենիգոմշյանը ևս մեկ անգամ ընդգծեց, որ այսօր էլ իրենց հիմնական խնդիրները շարունակում են մնալ չլուծված և հավելեց, որ ուստի չեն փոխվել նաև իրենց հիմնական պահանջները:

«Սերժ Սարգսյանի ու նրա վարչախմբի հեռացում, վստահության կառավարության ձևավորում, որը հավակնություն չի ունենա քաղաքական ամբիցիաներով հանդես գալու, այլ կկարողանա երկիրը դուրս բերել այս իրավիճակից, և ապահովել ազատ ու անվտանգ անցումային փուլ, որի ավարտին կունենանք ժողովրդի կողմից մշակված ու նրա իսկ հավանությանն արժանացած նոր Սահմանադրություն, որին արդեն կհաջորդեն ազատ ու արդար, թափանցիկ ընտրութունները»:

Բացի այդ ՝ Ենիգոմշյանն ընդգծեց նաև, որ կարևոր պահանջները ևս մնում են անփոփոխ. «Պետք է բացառվի նաև Արցախի ազատագրված տարածքների հանձնումը հակառակորդին: Ինչպես նաև պետք է վերահաստատվի Հայաստանի իշխանությունը: Ես պետք է ասեի` Հայաստանի ինքնիշխանության վերահաստատումը, բայց ցավոք սրտի պետք է ասեմ՝ Հայաստանի իշխանության հաստատումը: Մենք բոլորս պետք է գիտակցենք որ պայքարում ենք ոչ թե ընդդեմ, այլ հանուն Հայաստանի: Բնականաբար, կա նաև ընդդեմ պայքար, բայց դա ինքնանպատակ պայքար չէ: Մեր գլխավոր նպատակն է ազատ, անկախ, արդար, ազգային ու սոցիալական Հայաստանի կերտումը»,- ասաց նա:  

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին