Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների հետ հարցազրույցի ժամանակ անդրադարձել է նաև իր ընտանիքի անդամների ունեցվածքի, այդ թվում` կնոջ դրամական փոխանցումների, գույքի և նյութական այլ միջոցների մասին հարցերին:
Խաչատրյանը մանրամասն ներկայացրել է, թե ինչ նպատակով է, օրինակ, իր կնոջ հաշվեհամարին փոխանցվել ավելի քան 2 մլն դրամ և 1600 դոլար՝ նշելով, որ դա իր` Եվրոպա ուսման մեկնած դստեր կարիքների համար է փոխանցվել։

Հարցին՝ ինչո՞ւ իր կնոջ հայտարարագրում նշված չէ, որ բնակարանի համասեփականատեր է, Սասուն Խաչատրյանը նկատակով պատասխանել է. «Ոնց հասկացա, բոլոր պրոբլեմները կնոջից են»:
Նրա խոսքով՝ կնոջ ծնողները բնակվում են Էրեբունի վարչական շրջանի բազմաբնակարան շենքի փոքր բնակարանում` մոտ 50-60 քմ մակերեսով, և կինը, երբ տարիներ առաջ ձեռք են բերել բնակարանի սեփականության վկայականը, դրանում իր մասնաբաժինն է ունեցել, ինչպես ընտանիքի մյուս անդամները:
Անդրադառնալով հարցին, թե ինչու հայտարարագրում չկա նշված այդ բնակարանը, Խաչատրյանն ասել է, որ այդ հարցում ինչ-որ շփոթմունք է եղել:


