Սեպտեմբերի 20-ին Երևանում տեղի կունենա երկրի գլխավոր գործարար ֆորումը՝ Հայկական բիզնես-ֆորում (ՀԲՖ) 2021-ը, որն առաջին անգամ կհամախմբի հարյուրավոր ձեռնարկատերերի՝ նոր ազդակ հաղորդելու Հայաստանի տնտեսական ներուժի և ներդրումային հնարավորությունների զարգացմանը:
ՀԲՖ 2021-ը կանցկացվի Հայ ձեռնարկատերերի ասոցիացայի նախաձեռնությամբ և «Տաշիր» ընկերությունների խմբի աջակցությամբ և կդառնա տարբեր մակարդակներում բիզնեսի փոխգործակցության խոշորագույն հարթակը Հայաստանի Հանրապետությունում:

Այս մասին հայտարարվել է այսօր՝ ստարտափ-նախագծերի եւ Հայաստանում գործող տարածաշրջանային և միջազգային խոշոր ընկերությունների ներկայացուցիչների՝ գործարար համայնքի հետ հատուկ հանդիպման ընթացքում:
Նախագծի նպատակն է՝ նպաստել Հայաստանում տնտեսական ներուժի աճին և ներդրումային հնարավորությունների զարգացմանը, ստեղծել բաց երկխոսության հարթակ տարբեր գործարար համայնքների միջև, ամրապնդել նորարարական ձեռներեցության ոգին երկրում:

«Այսօր մեզ համար, ինչպես և նախկինում, ուժեղ Հայաստան ունենալը գերակա նպատակ է: Մենք շարունակում ենք փնտրել ու հնարավորություններ գտնել ազգային տնտեսության մրցունակության բարձրացման, երկրի բնակչության բարեկեցության ամրապնդման համար։ Ֆորումը հերթական քայլն է այդ ուղղությամբ, որի վերջնական նպատակը Հայաստանի և Ռուսաստանի հայ ձեռնարկատերերի միջև արդյունավետ գործարար հարաբերությունների ու փոխգործակցության ձևավորումն է: Համոզված եմ, որ համատեղ ջանքերով մեզ կհաջողվի ձևավորել կայուն գործարար միջավայր եւ վստահորեն նայել ապագային», - նշվում է «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի՝ նախագծի մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքում:
Հայկական բիզնես ֆորումը կանցկացվի առաջին անգամ, պլանավորվում է հետագայում ընդարձակել ֆորումի սահմանները, ստեղծել նոր հնարավորություններ ողջ աշխարհի հայ գործարար համայնքի շրջանում տնտեսական փոխգործակցությունը ամրապնդելու համար:
Ֆորումին պատրաստվելու ընթացքում մինչեւ ս.թ. սեպտեմբերի 20-ը Հայաստանի քաղաքներում նախատեսվում են մի շարք միջոցառումներ, որոնք նպատակ ունեն ամրապնդել երկրի գործարար համայնքի փոխգործակցությունն ու փորձի փոխանակում ապահովել։


