Գրողների միության պոեզիայի բաժանմունքի նախաձեռնությամբ կազմակերպված ավանդական ցերեկույթն այս անգամ պարզապես «Սիրերգություն» խորագիրն էր կրում: Դա էր, թերևս, պատճառը, որ այս անգամ ավելի շատ բանաստեղծներ էին իրենց գործերը ներկա յացնելու ցանկություն հայտնել: Ի վերջո, սա այն թեման է, որ մշտապես ուղեկցում է բանաստ եղծներին, որքան էլ խառնակ ժամանակը փորձի շեղել նրանց, այլ թեմաներ ու ասելիք պարտադրի…
Այնքա՜ն հետաքրքիր, այնքա՜ն այլազան դրսևորումներ էր գտել սերը իմ գրչընկերների տողերում, որ որքան էլ ցերեկույթը երկարեց, միևնույն է, դահլիճը չմարող հետաքրքրությամբ հաջորդ հեղինակի ելույթին էր սպասում: Իրենց հին ու նոր բանաստեղծություններից կարդացին տարբեր սերնդի բանաստեղծներ՝ Արևշատ Ավագյանը, Երվանդ Պետրոսյանը, Արտեմ Հարությունյանը, Գագիկ Դավթյանը. Էդվարդ Միլիտոնյանը, Գոհար Գալստյանը, Ներսես Աթաբեկյանը, Արմենուհի Սիսյանը, Նանեն,Արսեն Համբարյանը, Հերմինե Նավասարդյանը...
Մի քանի բանաստեղծություն էլ ինքս կարդացի, որոնք ուզում եմ ֆեյսբուքյան իմ ընկերների ուշադրությանը ներկայացնել նաև: Վատ չի լինի, որ իմ օրինակին հետևեն այսօր հանդես եկած մյուս հեղինակները ևս/և ոչ միայն նրանք/ ու ֆեյսբուքը մի որոշ ժամանակ լցվի սիրով, անկեղծ ու մաքուր հույզերով:
Սեր, քնարական տրամադրություն եմ մաղթում բոլորիդ,սիրելի բարեկամներ:
ՔՈ ՀԱՅՏՆՈՒԹՅԱՄԲ
Քեզ հիշելիս` լուսավորվում է հոգիս,
Քեզ տեսնելիս` շուրջս ծաղկունք է բուրում.
Ի~նչ հրաշքով փոխեցիր հունը կյանքիս,
Աշնան շեմին ինձ բերեցիր վառ գարուն:
Հիմա օրերն իմ քո շուքով են բացվում,
Ծնվում միայն խոստումներով լուսավոր,
Ողջ աշխարհն ինձ չքնաղ պարտեզ է թվում,
Ուր ծաղկում է կյանքը պայծառ հույսերով.
Ուր քո շունչն է պարուրում ինձ ամենուր,
Քո հմայքը` ամեն կողմից ճառագում,
Եվ տրվում եմ ես հույզերին այն մաքուր,
Որ հայտնությամբ քո հորդում են իմ հոգում.
Որ նոր կյանք են տալիս խենթ այն պատանուն,
Ով, թվում էր, շատ վաղուց է ինձ լքել…
Բայց ո’չ. եկել, քեզ համար է նա ուզում
Սիրո վերջին իր խարույկը բորբոքել…
ՔԵԶ
Ուզում եմ փնտրել քեզ համար բառեր,
Որ չեն ցոլացել դեռ ոչ մի երգում:
Այն մեղեդին եմ ուզում արարել,
Որ անուրջներիս մեջ է դեռ հնչում:
Ծանոթ երդումներ կրկնել չե’մ ուզում,
Ո’չ էլ` գունագեղ խոսքեր հիացքի.
Թող որ հավիտյան երգերիս խորքում
Նոր այս աղբյուրը զուլալ կարկաչի,
Անհայտ ծաղիկն այս բուրի քնքշորեն,
Կապույտ այս բոցը հուրհրա անտես,
Ու ես այսուհետ ինչ էլ որ երգեմ,
Երգերս անվերջ թևեն դեպի քեզ:
ԻՐԱՐ ՀԱՄԱՐ
Մեզնից առաջ հանդիպել են սրտերը մեր,
Հոգիները մեր` ճանաչել, փարվել իրար,
Ու էլ ոչինչ ի զորու չէ մեզ բաժանել,
Տերն ինձ ու քեզ արարել է իրար համար:
Սիրո համար է ստեղծել ու բերկրանքի,
Թանկ պահերի համար վերին երանության,
Որ քո’ հմայքն իմ մեջ այսպես փոխվի երգի,
Ի’նձ հետ ապրես դու սուրբ դողը երանության.
Որ մեր ամեն հանդիպումից նոր ու նորից
Աշխարհում այս սիրո պակասը վերանա,
Իմ` հորդաբուխ, քո` ամոթխած գգվանքներից
Շուրջն ամեն ինչ մաքրագործվի ու նորանա…
ՏԻՐՈՋ ԿԱՄՈՔ
Բանաստեղծներն այնպե՜ս հեշտ են սիրահարվում,
Շուտ հանձնվում կնոջ փայլ ու կախարդանքին ,
Գեղեցկության հանդեպ ծաղկի նման բացվում,
Ինքնամոռաց երանությամբ տրվում կյանքին:
Ամեն անգամ թվում է, թե սերն է վերջին,
Եկավ հենց նա’, ում փնտրել է ամբո՜ղջ կյանքում,
Ու էլ ո՛չ ոք, ոչի՛նչ իրենց չի բաժանի,
Հար կծփա երջանկության լույսն իր խորքում:
Բայց…բերկրանքը փոխարկվում է ցավի մի օր,
Հայտնությանը ունայնություն է հաջորդում…
Հետո` էլի սպասում ու փնտրում մի նոր,
Մինչ… մի ուրիշ հուր է ներսում խենթ բոցկլտում:
Բանաստեղծներն այնպե՜ս հեշտ են սիրահարվում…
Բայց դա վերու’ստ, Տիրոջ կամո’ք է սահմանված.
Որ հուզավառ երգեր ծնվեն միշտ աշխարհում,
Ու կյանքն անվերջ գեղեցկանա սիրով նրանց: