CNN-ին Սերգեյ Լավրովն է հարցազրույց տվել, որի վերջին հատվածն, ըստ Ռուսաստանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի, ավելի շատ կհետաքրքրի սեքսապատոլոգներին, իսկ թարգմանիչների համար իսկական գլուխկոտրուկ կդառնա:
Ռուսաստանի ԱԳ նախարարի ռեպլիկն, իրոք, անսպասելի է եղել: Լրագրողի հարցն ամբողջությամբ հնչել է այսպես. «Ռուսաստանն ունեցել է իր պատմությունը Pussy Riot-ի հետ: Իսկ ինչ եք կարծում դուք Դոնալդ Թրամփի Pussy Riot-ի մասին»:
Հասկանալու համար, թե ինչ է ասել Լավրովը, պետք է մտքում ունենալ «pussy» բառի մի քանի իմաստ և իմանալ, որ դրա ամենատարածված նշանակությունը վերաբերում է կնոջ սեռական օրգանին:
Եվ այսպես, Սերգեյ Լավրովի, գրեթե անթարգմանելի տեքստը ներկայացնում ենք առանց մեկնաբանության.
«Անգլերենն իմ մայրենի լեզուն չէ, սակայն, օգտագործելով Ձեր տերմինաբանությունը, կասեմ՝ Ձեր նախընտրական պայքարում այնքան «փուսիներ» կան տարբեր կողմերից, որ չեմ էլ ցանկանում մեկնաբանել»:
Հիշեցնենք, որ Դոնալդ Թրամփի մրցակիցը կին է՝ Հիլլարի Քլինթոնը: Հիշեցնենք նաև, որ Pussy Riot-ը ռուսական փանկ-ռոք խումբ է, որ իր համերգներն իրականացնում է ոչ արտոնված միջոցառումների կարգով՝ աննախատեսված վայրերում:
Ա.Մաթևոսյան