▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ.«Ընտրություններից հետո ակնկալում եմ միայն ԹԱՆԿԱՑՈՒՄՆԵՐ»

Առաջիկա նախագահական ընտրություններից առաջ հայաստանյան կուսակցությունների դիրքորոշումների և դրանց վերաբերյալ ակնկալիքների մասին   ASEKOSE.am-ի թղթակիցը զրուցել է քաղաքագետ Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑԻ հետ:

-Պրն. Շաքարյանց, նախագահական ընտրություններից առաջ ինչպե՞ս կգնահատեք քաղաքական դաշտի հիմնական ուժերի դիրքորոշումը:

-Թերևս, կուսակցությունները  ակտիվ գործունեություն չեն  ծավալում, ուստի`  չեմ կարող գնահատել հիմնական ուժերին, քանի որ այն վարքագիծը, որ պետք է նրանք դրսևորեին, դեռևս չեն դրսևորել:  Մենք ուղղակի հանդիսատեսի աչքով նայում ենք և չենք հասկանում, թե երբ կլինի նախընտրական պայքար, արդյո՞ք պայքար նախատեսվում է, թե`  ոչ: Պայքար կոչեցյալը շատ դեպքերում պայմանական է, իսկական պայքարը վաղուց ավարտված է. տարբեր քաղաքական ուժեր, եթե ոչ ի սկզբանե, ապա այժմ, որոշակի միասնությունների են հանգել, բայց չեմ ուզում շատ կանխատեսումներ անել, որովհետև մի քիչ շուտ է: 

- Ըստ Ձեզ, ինչու՞ կուսակցությունների մասը չի  հայտնում`  նախագահի թեկնածու առաջադրելու է, թե ոչ:

-Մեզ մոտ, որպես  կուսակցական թեկնածու,  բացի ՀՀԿ-ից, կարող է լինել միայն ՀՅԴ-ի թեկնածուն, քանի որ  մնացած  կուսակցությունները հանդես են գալիս ոչ թե որպես հասարակական երևույթ, այլ`ծառայում են   կոնկրետ անձի քաղաքական և այլ տեսակի գործունեություների  իրականացմանը:  Ինչպես ՀԱԿ-ի անունն կապվում է Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, այնպես էլ Ժառանգությունից կարող է առաջադրվել միայն Րաֆֆի Հովհաննիսյանը: Լսե՞լ եք, թե Րաֆֆի Հովհաննիսյանից բացի ուրիշ մեկը կարող է առաջադրվել այդ կուսակցությունից. ոչ, դա բացառվում է: Կուսակցությունները, որոնք հավաքվել են մեկ անձի շուրջ, դասական կուսակցության օրինակ չեն կարող լինել, իսկ գալիք ընտրությունների հետ կապված մեծ հույսեր պետք չէ կապել. սովորական, ավանդական, հայկական ընտրություններ են լինելու:

-Ավանդական, հայկական ընտրություններ ասելով ` նկատի ունեք ընտրակեղծիքներով կայացող ընտրություննե՞ր:

-Եթե խոսենք ընտրակեղծիքների մասին, ապա դրանք զգալիորեն կատարելագործվել են, ինչի ապացույցն էլ այս տարվա խորհրդարանական ընտրություններն էին, ընտրամասերում ոչ մի խախտում չէր «արձանագրվել», ընտրություններն իրենցից ներկայացնում են ոչ թե քաղաքական գործընթաց, այլ դաշինքի պես մի բան, որի հիմքում տնտեսական շահն է:

- Հարցազրույցներից մեկում Դուք նշել եք, որ ճիշտ կլինի ընդդիմությունը հանդես գա մեկ միասնական թեկնածուով : Ինչու՞, ինչ կտա  դա ընդդիմությանը:

-Երբ ընդդիմության բոլոր ներկայացուցիչները միավորվեն մեկ միասնական թեկնածուի շուրջ, ապա կարող են հասնել որոշակի հաջողությունների, երբ մրցակցեն ոչ թե իրար մեջ, այլ`  նախագահական պաշտոնի համար: Եթե ընդդիմությունը միավորվի, ապա հարաբերակցությունը կլինի առնվազն 50-50, ինչը թերևս պայքարի համար վատ ցուցանիշ չէ: Վրաստանի օրինակով կարող եմ ասել, որ այնտեղի բոլոր ընդդիմադիր ուժերը միավորվել են, ինչն էլ թերևս խոսում է Վրաստանի ուժեղ քաղաքականության մասին:

- Խոսենք  ԲՀԿ-ից:  Ըստ Ձեզ, իսկապե՞ս ԲՀԿ-ն այլընտրանք է  կամ ի՞նչ է նշանակում այլընտրանք լինել:

-Այլընտրանք չեմ տեսնում, այլընտրանք չկա և չի կարող լինել: Հնարավո՞ր է 2-3 ամսվա ընթացքում քաղաքական նոր դեմք դառնալ ` նոր գաղափարներով ու վարքագծով. դա պարզապես սուտ է, ԲՀԿ-ն նման քաղաքականություն չի վարում:

Եթե ԲՀԿ-ն առաջարկի իր թեկնածուին, Ձեր կարծիքով,  հնարավո՞ր է ` Վարդան Օսկանյանը լինի այդ թեկնածուն: 

-Չեմ կարծում`  չնայած իշխանությունները շատ փորձեցին շահարկել Օսկանյանի անունը: Եթե Օսկանյանի շուրջ համախմվեն այլ ուժեր, ապա հնարավոր կլինի նրա առաջադրումը և լավ արդյունքի հասնելը, իսկ միայն ԲՀԿ-ի շրջանակներում նա շատ ավելի քիչ ձայներ կհավաքի, քան ինքը` Ծառուկյանը:

- Իսկ ի՞ն կասեք «Ժառանգության» մասին: Ձեր կարծիքով, Րաֆֆի Հովհաննիսյանը կառաջադրի իր թեկնածությունը, թե կսատարի Սերժ Սարգսյանին:

- Չեմ կարող ասել` Րաֆֆի Հովհաննիսյանը կառաջադրվի, թե ոչ, սակայն հիշում եմ, որ կուսակցության անդամները նման խոսակցությունների ժամանակ շեշտում էին իրենց կուսակցության նախագահի առաջադրվելու մասին, դեռևս կանխատեսումներ չեմ կարող անել այս հարցի շուրջ:

-Որպես ՀՀ քաղաքացի` ի՞նչ ակնկալիքներ ունեք առաջիկա նախագահական ընտրություններից:

-Ակնկալիքներ չունեմ, ես հիշում եմ ամեն ինչ, ուստի ընտրություններից հետո ակնկալում եմ միայն թանկացումներ…

Հարցազրույցը` Սեդա ՂՈՒԿԱՍՅԱՆԻ

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին