▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սերժ Սարգսյանը շատ լավ գիտի՝ ով ինչքան է թալանել, թող կանչի ու ասի՝ մուծե՛լ

«Մենք ունենք կայացած բանակ, բայց ոչ կայացած պետություն: Վերջին տարիների բոլոր քայլերը, որ իրականացնում էր մեր իշխանությունը՝ հիմնավորելով Արցախի ու անվտանգության հարցով, տեսանք, որ ձախողվեց:

Այն քաղաքականությունը, որ իրականցնում էինք՝ կանխելու պատերազմը,  հանգեցրեց պատերազմի:  Բազմիցս է ասվել, որ սա բերելու է ՀՀ քաղաքական մեկուսացմանը, որը հանգեցնելու է պատերազմի.այդպես էլ եղավ: Ադրբեջանի նկատմամբ հիմնական զսպիչ գործոններից մեկը Արևմուտքն էր: Նրանք միշտ Ալիևի վրա մատ էին թափ տալիս ու նստեցնում էին տեղը: Իսկ, երբ մենք խորապես փչացրեցինք մեր հարբերություններն Արևմուտքի հետ, ստացանք այն, ինչ ստացանք: Հայ  զինվորն իր արյունով հատուցեց մեր սխալ քաղաքականության համար: Այժմ չկա մեկ պետություն, որը շահագրգռված կլինի կանգնել մեր կողքին: Ցավոք, վիճակն ավելի է բարդանալու, և մոտ ապագայում կունենանք ավելի լայնածավալ ու դաժան պատեազմ, դրա համար մեր երկրի ղեկավարությունը պետք է կտրուկ գործողությունների անցնի»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար, դիվանագետ   Արա Պապյանը՝ շարունակելով.

«Էական բացթողումներ կան պաշտպանության կազմակերպման գործում: Մենք ունեցանք չհիմնավորված զոհեր, այսինքն, կարող էինք խուսափել սրանից: Ես հիմա համարժեք չեմ տեսնում քաղաքական ղեկավարության արձագանքը, քանի որ կան մեղավորներ, որոնք պետք է պատժվեն, նրանց պատճառով է ստեղծվել այս վիճակը, որոնցից ակնկալում ենք մեր բանակի զենքի գնման համար էական ներդրումնր:

Սերժ Սարգսյանը շատ լավ գիտի՝ ով ինչքան է թալանել, թող կանչի ու ասի, որ բոլորը մուծեն: Գոնե սեփական հարստության համար, որովհետև առաջին կորուստներն իրենք են ունենալու: Աստված չանի, եթե առաջին ականը պայթեց Երևանի կողքին, իրանց հարստությունն է մեկ կամ երկու 0-ով պակասելու: Մենք այսօր ունենք դրա կարիքը: 21-րդ դարում, իհարկե, զինվորի ոգին կարևոր է, սակայն զինատեսակների բազմազանությունն ու ժամանակակից լինելն առավել կարևոր է: Մեր երկիրն այսօր կենաց ու մահու պայքար է մղում, որովհետև մենք հասկանում ենք, որ մեր թշնամին իր առջև միայն ռազմական խնդիր չի դրել իր առջև, դրել է երկրորդ ցեղասպանությունն  իրականացնելու խնդիր: Մենք տեսանք, թե նրանք ինչպես վարվեցին Թալիշ գյուղի ծեր բնակիչների հետ.նրանց և՛ սպանեցին, և՛ խոշտանգեցին: Նույնը տեղի ունեցավ մեր զինվորների, գերիների հետ:

Այստեղից լուրջ դասեր ունենք քաղելու, որպեսզի կարողանանք դիմակայել ու ջախջախել մեր հակառակորդին: Սա պետք է լինի վերջնական արդյունքը, հակառակ դեպքում այս իրավիճակը կշարունակվի՝ մաշեցնելով Հայաստանը»: 

Արա Պապյանը նկատում է՝ Հրազդանի ընտրությունները ցույց տվեցին, որ իշխանությունը որևէ հետևություն չի արել: Սա հերթական ապտակն է ժողովրդին:

Անի Կարապետյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին