«Ժամանակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանը նախօրեին այցելել է Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Ալեքս տեքստիլ» ձեռնարկություն, որտեղ հետեւել է, այսպես ասած, բիզնեսի ընթացքին: Նա հետեւել է դրան հենց Սամվել Ալեքսանյանի ուղեկցությամբ:
Առաջին հայացքից այստեղ որեւէ արտառոց բան չկա, մասնավորապես հայաստանյան համակարգին Սերժ Սարգսյանի վաղուց տված հայտնի «ալիբիի» ֆոնին՝ փաստաթղթով ամեն ինչ կարգին է, ինչպես ասել էր Սարգսյանը մի քանի տարի առաջ՝ խոսելով գործարար պատգամավոր երեւույթի մասին: Դե, ըստ փաստաթղթի, Սամվել Ալեքսանյանը բիզնես չի կառավարում, իսկ Սերժ Սարգսյանին ուղեկցում է, որովհետեւ Սարգսյանն, այսպես ասած, իր ընտանիքի հյուրն է կամ, այլ կերպ ասած, ուղեկցում է «ընտանիքի հոր» կարգավիճակով:
Սակայն այդ իրավիճակը ուշագրավ է դառնում, եթե դարձյալ հետ գնանք ժամանակի մեջ, որտեղ վարչապետ Կարեն Կարապետյանի այցն էր նույն տեքստիլ ձեռնարկություն եւ դարձյալ՝ նույն Սամվել Ալեքսանյանի «ընտանիքի հոր» կարգավիճակով ուղեկցությամբ:
Բանն այն է, որ այդ այցը վերածվեց սկանդալային պատմության՝ այն բանից հետ, երբ կառավարության պաշտոնական կայքում նախ տեղադրվեցին, իսկ հետո հեռացվեցին այն լուսանկարները, որտեղ կար վարչապետին ուղեկցող Սամվել Ալեքսանյանը: Թե ինչո՞ւ դրանք հեռացվեցին՝ այդպես էլ հստակ չպարզաբանվեց հանրությանը: Հեռացվեցին, որովհետեւ «նոր ոգու» խորհրդանիշ վարչապետը չցանկացա՞վ պատմության մեջ մնալ «հին ոգու» մենատերերից մեկի հետ լուսանկարով, թե՞ որովհետեւ Կարեն Կարապետյանը, ի տարբերություն Սերժ Սարգսյանի, համարում էր, որ «թղթով ոչինչ էլ կարգին» չէ:
Բոլոր դեպքերում, Կարեն Կարապետյանի այդ աղմկոտ այցից հետո Սերժ Սարգսյանի այցի պարագայում ուշագրավ է, որ նախագահական պաշտոնական կայքում Սամվել Ալեքսանյանի ուղեկցությամբ Սերժ Սարգսյանի լուսանկարները տեղադրված են եւ ամենեւին էլ հեռացված չեն:
Հեռացնելով Հովիկ Աբրահամյանին վարչապետի պաշտոնից՝ Սերժ Սարգսյանը գործնականում «հեռացրեց» հենց Սամվել Ալեքսանյանի եւ ընդհանրապես հայաստանյան օլիգարխիայի «լուսանկարը», քանի որ Հովիկ Աբրահամյանը վարչապետի պաշտոնում էր հայտնվել հենց այդ օլիգարխիայի երաշխավորի դերում, որին ոչ իշխանական բեւեռը համոզել էր կամ համոզում էր, որ Սերժ Սարգսյանը «հանձնելու» է այդ օլիգարխիան իր իշխանության դիմաց:
Դրան զուգահեռ՝ Սարգսյանը նաեւ Կարեն Կարապետյանի նշանակումով նրան անմիջականորեն հակադրեց օլիգարխիկ համակարգին՝ հայտարարելով «նոր ոգու» խորհրդանիշ: Դա ոչ միայն մարտահրավեր էր «հին ոգուն», այլեւ գործնականում նաեւ բավական կանխարգելիչ արգելակ Կարեն Կարապետյանի՝ նրան դնելով հրապարակավ «հին ոգուց» տարանջատվելու անհրաժեշտության առաջ եւ այդպիսով ստեղծելով նրա եւ օլիգարխիայի միջեւ որոշակի բարոյահոգեբանական անջրպետ: Հենց դրա հետեւանքն էր նաեւ Սամվել Ալեքսանյանի լուսանկարի հեռացումը կառավարության կայքից:
Մյուս կողմից, սակայն, զուտ բիզնես տեսանկյունից Կարեն Կարապետյանն իհարկե առավել «հոգեհարազատ» է օլիգարխիկ համակարգին, եւ այդ կապը վաղ թե ուշ զգացնել պետք է տար իրեն, ինչը սկսեց շոշափվել ժամանակի ընթացքում: Բայց Սերժ Սարգսյանը կարողացավ ապահովել նվազագույնը՝ ստիպելով, որ Կարեն Կարապետյանն ու օլիգարխիան «գաղտնի», այսպես ասած՝ փակ ռեժիմով սիրահետեն միմյանց՝ այդպիսով նաեւ կանգնած լինելով անընդհատ արդարանալու անհրաժեշտության առաջ:
Դա անկասկած հոգեբանական առանձնահատկությունների վրա կառուցված բարդ խաղ էր, որ հաջողեց Սերժ Սարգսյանը, նաեւ կարողանալով ցույց տալ Կարեն Կարապետյանի քաղաքական անկարողությունը: Այդ հաջողությունից հետո նա այլեւս իրեն թույլ է տալիս ներկայանալ որպես Սամվել Ալեքսանյանի բիզնեսի երաշխավոր, հատկապես այն ֆոնին, երբ Կարեն Կարապետյանի կայքից հեռացվում է Ալեքսանյանի լուսանկարը:
Իսկ Ալեքսանյանը հայկական օլիգարխիայի առանձնահատուկ խորհրդանիշներից է, հետեւաբար ազդակ ամբողջ համակարգի համար առ այն, որ Կարեն Կարապետյանի հետ բիզնես պայմանավորվածությունը կարող է պահպանվել միայն Սերժ Սարգսյանի քաղաքական երաշխավորությամբ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում