Asekose.am-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Ժամանակ» թերթը գրում է. «Գերմանական Բադեն-Բադեն է մեկնել նաեւ ԱԺ նախկին պատգամավոր, «Ջերմուկ գրուպ» ընկերության սեփականատեր Աշոտ Արսենյանը: Ինչպես հին եւ բարի ժամանակներում, այժմ էլ Աշոտ Արսենյանը Բադեն-Բադեն է մեկնել Սերժ Սարգսյանի այցից մի քանի օր առաջ՝ նրա ընդունելությունը կազմակերպելու եւ հարակից ծախսերը հոգալու համար»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային ժողովի աշխատակազմը հրաժարվել է Աշոտ Արսենյանին պատկանող «Բյուրեղ» ջրից․ արդեն մի քանի օր է՝ խորհրդարանի միջանցքներում ոչ միայն նոր ջրի ապարատներ են տեղադրվել, այլեւ ջրի ապրանքանիշն է փոխվել։ «Բյուրեղին» փոխարինում է «Ապարան ջուրը»։ Հիշեցնենք, որ մինչ հեղափոխությունը ԱԺ ջրի մատակարարը Ռուբեն Հայրապետյանի «Նոյ» ընկերությունն էր։ Հեղափոխությունից ամիսներ հետո Հայրապետյանի «ծառայություններից» հրաժարվեցին, եւ խորհրդարանը մի քանի ամիս «Բյուրեղ» էր խմում: Ըստ երեւույթին, Աշոտ Արսենյանի հետ եւս իշխանության ջուրը մի առվով չի հոսել․ մի քանի օր է՝ խորհրդարանում «Ապարան ջուր» են խմում։ ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը մեզ հայտնեց, որ տենդեր է հայտարարվել, եւ տենդերի արդյունքում հաղթած ընկերությունն է նոր ջրի ապարատներով ջուր մատակարարում։ «Ես անգամ անունն էլ չեմ հիշում»,- ասաց նա եւ չմանրամասնեց, թե կոնկրետ որ ընկերություններն են մասնակցել ու հաղթող ճանաչվել։ Գալստյանը միայն հիշեց, որ մրցույթը շուտ է հայտարարվել՝ անցած տարի»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Նաիրի Սարգսյանը, որն «Իմ քայլի» պատգամավոր Հայկ Սարգսյանի երկվորյակ եղբայրն է, մինչեւ իշխանափոխությունն աշխատել է նախկին կառավարությունում, 2012-2018թթ․ եղել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի օգնականը։ Մինչդեռ նախօրեին «մամուլի դեմ» ասուլիս հրավիրած Հայկ Սարգսյանը հայտարարեց, թե վերջին տարիներին իրենք ողջ ընտանիքով ընդդիմադիր են եղել ու պայքարել են նախկին իշխանության դեմ։ Հավանաբար, պատգամավորը ցանկացել է ասել, որ իրենք հոգով են եղել ընդդիմադիր, եւ եղբայրն օգնել է նախարարին, սակայն հոգու խորքում մերժել է նրան»:
«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Ղուկասյանը հունիսի 1-ից ԱԺ չի գնում եւ չի մասնակցում ԱԺ նիստերին: Ղուկասյանը մայիսի 31-ին հայտարարել էր, որ Ռոբերտ Քոչարյանը միանշանակ պետք է ազատության մեջ լինի, որից հետո արժանացել էր խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի խիստ քննադատությանն ու հանդիմանանքին: Վարդան Ղուկասյանը, ըստ էության, խզել է կապը կուսակցության եւ խմբակցության հետ՝ առանց դրա մասին հայտարարելու»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման լուրերին զուգահեռ, ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող համայնքի ներկայացուցիչները թիրախավորել են ԱԺ «ավանդապաշտ» պատգամավորներին։ ԱԺ ամբիոնից ելույթ ունեցած տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանն օրերս կոնվենցիան քննադատած «Իմ քայլի» պատգամավոր Սոֆյա Հովսեփյանին կոչ է արել հրաժարվել մանդատից, իսկ երեկ «Gevorgyan Ashot» ֆեյսբուքյան օգտատերը, ով Լիլիթ Մարտիրոսյանի ՖԲ ընկերներից է, առաջարկել է «այրել», «մոռթել», «վտարել» ԲՀԿ-ական պատգամավոր, ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանին։ Վերջինս հումորով է վերաբերվում նման կոչերին․ «Ասեմ, որ ինձ այրելու կոչ անող սույն պերսոնաժն առանձնապես օրիգինալ չէ։ Ինձ այրելու եւ կախելու ինկվիզիցիոն կոչեր տարբեր ժամանակներում հնչել են։ Իզուր ավելորդ էներգիա եւ էմոցիա մի ծախսեք՝ ես կրակում չեմ այրվում։ Իսկ ընդհանրապես՝ նման կոչերով պիտի զբաղվեն իրավապահները»:
«Փաստ» թերթը գրում է. «Նախօրեին ԱԺ արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկման դրվեց, այնուհետ նաեւ քվեարկությամբ վավերացվեց ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի մասին հարցը եւ կից ներկայացված օրենքների փաթեթը: Այս օրինագիծը խորհրդարան էր ներկայացրել «Իմ քայլը» դաշինքը, սակայն երկրորդ ընթերցման քննարկումն ավելի բուռն անցավ, քան առաջինը: Բանն այն է, որ իշխանության խմբակցության, այսպես կոչված, «ոչփաշինյանական» թեւի ներկայացուցիչները այս փաթեթի հետ կապված վերապահումներ ունեին եւ բացահայտ կերպով դրանք ներկայացրեցին նիստերի դահլիճում, ավելին՝ դեմ քվեարկեցին: Այս հանգամանքն առաջացրեց Էդմոն Մարուքյանի տարակուսանքը, ով զարմացած հայտարարեց՝ «հիմի էս օրինագիծը ձերն ա՞, թե՞ ձերը չի»: Իսկ Նաիրա Զոհրաբյանի բնորոշմամբ՝ որոշ իմքայլական պատգամավորների ու պաշտոնյաների անհիմն ու անբովանդակ ելույթները հիշեցնում են մանկական-երաժշտական «Երալաշ» հաղորդումը: Այս ամենը մեկ անգամ եւս հաստատում է շրջանառվող խոսակցությունները, որ ինչքան էլ իշխանությունները խոսում են միասնական թիմ լինելու մասին, միեւնույն է՝ առկա են ներիշխանական երկատվածություն ու խորքային տարաձայնություններ»:
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ արդեն պաշտոնապես որոշված է, թե երբ են հայրենի ազգընտիրները մեկնում իրենց կողմից այդքան սպասված արձակուրդին: Հուլիսի 15-ից մինչև օգոստոսի 23-ը պատգամավորները հանգստանալու են, իսկ արդեն ԱԺ քառօրյա նիստերը սկսելու են սեպտեմբեր ամսից: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` խորհրդարանում այլևս արտահերթ նիստեր չեն լինելու: Բանն այն է, որ այս օրերին ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի նոր թեկնածուի փնտրտուքի մեջ է, սակայն այն թեկնածուները, ում ցանկանում են առաջարկել իմքայլականները, հրաժարվում են ԲԴԽ անդամ դառնալ: Ըստ մեր տեղեկությունների` պատճառը եղել է նաև այն, որ իշխանության կողմից առաջարկված նախկին թեկնածու Աննա Մարգարյանի ընտրությունը իշխանական խմբակցությունը խայտառակ ձևով տապալեց»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանըտեռորի է ենթարկում համակարգը: Մնացականյանը իր ենթականերին արգելել է որևէ ակտիվություն դրսևորել սոցիալական ցանցերում և ընդհանրապես պահանջել է զերծ մնալ հրապարակային ակտիվության ցանկացած դրսևորումից: Մնացականյանի ուշադրության կենտրոնում են հատկապես իր տարիքային խմբի ներկայացուցիչները, որոնց Զոհրաբյանը կասկածում է իր պաշտոնի վրա աչք ունենալու մեջ: Համակարգի ներկայացուցիչները մտավախություն ունեն, որ «վհուկների որսը» կարող է ավելի արմատական դրսևորումներ ստանալ»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի նախաձեռնած ստորագրահավաքի շուրջ ծավալված իրադարձությունները շարունակում են մնալ Հայաստանի եւ Արցախի քաղաքական դաշտի ուշադրության կենտրոնում։Արցախի խորհրդարանի ամենամեծ խմբակցությունը պատկանում է Սամվել Բաբայանի հիմնական մրցակցին՝ Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանին, ուստի, շատերի կարծիքով, դժվար չէ կանխատեսել, թե այն խորհրդարանում ինչ ճակատագիր կունենա։ «Ազատ հայրենիք» կուսակցության խոսնակ Վահրամ Պողոսյանը, սակայն, «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ այժմ իրենք դիրքորոշում չունեն։ Ավելին՝ Պողոսյանը շեշտեց, թե չի բացառվում, որ «Ազատ հայրենիք»-ը կարող է կողմ քվեարկել»:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, առաջիկայում ստեղծվելու է Հակակոռուպցիոն կոմիտե, որը փոխարինելու է Հատուկ քննչական ծառայությանը եւ լինելու է միասնական նախաքննական մարմին: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ի սկզբանե իշխանությունները միտված են եղել այս կառույցին միավորել նաեւ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, որը փոխարինելու է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին, սակայն քննարկումների արդյունքում եզրակացության են եկել, որ այդ կառույցներն ունեն տարբեր գործառույթներ, եւ չպետք է խառնել դրանք: Ընդ որում, նոր ստեղծվելիք մարմնի ղեկավարի հարցում իշխանությունները, կարծես թե, վերջնականապես կողմնորոշվել են: Ինչպես հայտնի է, ի սկզբանե ասվում էր, թե Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը չի լինի կոմիտեի ղեկավար, սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ քննարկումների արդյունքում ընտրությունը կանգ է առել հենց նրա վրա»:
«168 ժամ» թերթը գրում է. «ՀՀ-ԵՄ վիզային բանակցությունների մեկնարկը երկարաձգվում է մի շարք պատճառներով։ Դրանցից առաջինն այն է, որ միգրացիոն ճգնաժամը Մերձավոր Արեւելքից լրջորեն հարվածեց Եվրոպական միությանը՝ լուրջ մտահոգություններ առաջացնելով ԵՄ անդամ երկրների քաղաքացիների շրջանում։ Սա, բնականաբար, ստեղծել է մի իրավիճակ, երբ ԵՄ դիրքորոշումը խստացել է, ԵՄ-ն ավելի լուրջ ուսումնասիրություններ է իրականացնում այն երկրներում, որոնք դիտարկվում են՝ որպես մուտքի արտոնագրերի դյուրացման ներուժ ունեցող երկրներ, ԵՄ-ն պահանջներ է դնում, հատկապես, երբ տվյալ երկրից անօրինական միգրացիայի հոսքեր կան»,- «168 Ժամի» թղթակցի հետ զրույցում այս մասին է ասել լեհ վերլուծաբան Կոնրադ Զաշտովտը՝ անդրադառնալով ՀՀ-ԵՄ վիզային ազատականացման բանակցությունների մեկնարկին։ Նա նշել է, որ այն ամենը, ինչ կարող է տեղի ունենալ մուտքի արտոնագրերի դյուրացումից հետո, պետք է կանխատեսելի ու վերահսկելի լինի, իսկ դրա համար որոշակի ժամանակ է հարկավոր, պետք է երկիրը ներսում որոշակի աշխատանք իրականացնի։ «Ներկայումս կա նաեւ այլ երկրին տրամադրված մուտքի արտոնագրերի ազատականացման փորձը, այդ թվում՝ Վրաստանին, եւ ԵՄ-ն հաշվի է առնում բոլոր վտանգները»,- ասել է վերլուծաբանը»: