Armtimes.com-ը գրում է.
Նախորդ շաբաթ Սերժ Սարգսյանի Նիդերլանդներ կատարած այցը աղմուկ է բարձրացրել Մաստրիխտ քաղաքում: Մեր տեղեկություններով, Սարգսյանի այցը Մաստրիխտ եւ հանդիպումը «հայ համայնքի հետ» գաղտնի է պահվել համայնքի ընդդիմադիր ներկայացուցիչներից, ինչը մեծ դժգոհության առիթ է հանդիսացել:
Սարգսյանը Մաստրիխտ էր այցելել հոկտեմբերի 25-ին՝ ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գագաթնաժողովին մասնակցելու նպատակով: Պաշտոնական հաղորդագրությունում նշվում է, որ առավոտյան, մինչ գագաթնաժողովի մեկնարկը, նա այցելել է քաղաքի հայկական Սուրբ Կարապետ եկեղեցի, որտեղ կարճատև հանդիպում է ունեցել եկեղեցական վարչության անդամ «Անի» հայ համայնքի ներկայացուցիչների հետ, զրուցել համայնքային առօրյայի, խնդիրների, ծրագրերի, հայրենիքի հետ համագործակցության ամրապնդման հնարավորությունների շուրջ, նաև պատասխանել հանդիպման մասնակիցներին հետաքրքրող հարցերին:
Մեր տեղեկություններով հայ համայնքի մոտ դժգոհություն է առաջացրել այն պատճառով, որ Նիդերլանդներում ՀՀ դեսպան Ձյունիկ Աղաջանյանը գաղտնի է պահել հանդիպման ժամն ու վայրը՝ հավանաբար անցանկալի ակցիաներից ու հարցերից Սերժ Սարգսյանին եւ իրեն ապահովագրելու նպատակով: Սարգսյանի այցին ընդառաջ եկեղեցին մի քանի ժամ շարունակ ստուգել են, հետո հսկողության տակ պահել:
Սարգսյանի այցը Մաստրիխտի եկեղեցի այնքան գաղտնի են պահել, որ նույնիսկ Մաստրիխտի եկեղեցու հոգեւոր հովիվ տեր Արմեն քահանա Մելքոնյանը չի իմացել այդ մասին: Վերջինս, այցից հետո որպես բողոքի նշան հրաժարվել է այդ եկեղեցում քահանայությունից: Ենթադրվում է, որ քահանայի հանդեպ այս վարքագծի պատճառն այն է, որ վերջինս մասնակցել էր ի աջակցություն «Սասնա ծռեր» խմբի Նիդերլանդներում ՀՀ դեսպանատան մոտ անցկացված ցույցին եւ ելույթ ունեցել: Հիշեցնենք, որ դրանից հետո Տեր Արմենը պաշտոնազուրկ արվեց: Ավելի ուշ մամուլում գրվեց, որ Նիդերլանդներում ՀՀ դեսպան Ձյունիկ Աղաջանյանը ակցիայի մասնակիցներին կոչ է արել դադարեցնել ակցիաները:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում