Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:
Սերժ Սարգսյանի երեկվա հարցազրույցի մեջ ինձ համար ամենակարևոր պահը վերաբերում էր տարածքներ հանձնելու մասին խոսակցություններին, որոնք, ըստ էության, հերքվեցին, ու Սարգսյանը բացառեց, որ նոր Սահմանադրությամբ կարող են որևէ տարածք հանձնել կամ էլ այլ տարածքների հետ փոխանակել։
Անձամբ ինձ համար, անկախ նրանից, թե այս Սահմանադրությունը կպահպանվի, թե նորը կընդունվի, առանցքային նշանակություն ունեցող հարցն Արցախի ու մնացյալ Հայաստանի տարածքային ամբողջականության ու անվտանգության ռիսկերն են։
Վերադառնալով նույն հարցազրույցի սկզբի մասին՝ կարող եմ ասել, որ երկրի պաշտպանությանն ու գերագույն գլխավոր հրամանատարությանը վերաբերող պարզաբանումներում էլ կար տրամաբանություն։ Ասենք, հարց չկա, այսօր իրավիճակը Նախագահ-Խորհրդարան պարագայում այնպես է, ինչպես «Հարսնացուն հյուսիսից» ֆիլմում. «Որ ասում եմ ես՝ Արուսյակը հետս ա»։ Սակայն, ասենք, մի 20 տարի հետո կարող է իրավիճակը փոխվի, ու չլինի նույն Սերժ Սարգսյանի պես ազդեցիկ կերպար իշխանություններում, ու իրոք կարող է երկրում հաստատվել երկիշխանություն, և սառույցի վրա է գրված, որ Արցախյան հակամարտությունն այդ ժամանակ արդեն լուծված կլինի, ու առավել ևս՝ Հայաստանն արտաքին թշնամու ներխուժման վտանգի առջև չի լինի։
Այս առումով ամեն ինչ օքեյ է։ Մնացած առումներով էլ խնդիրը ոչ այնքան Սահմանադրության նախագծի ու դրա դրույթների մեջ է, որքան դրանց կյանքի կոչմանը հավատալ-չհավատալու մեջ։ Ասել Սերժ Սարգսյանի՝ գործ ունենք բարոյական պատասխանատվության մեջ։ Այսինքն, եթե ինչ-որ հրաշքով ՀՀԿ-ն ԱԺ-ում ներկայացված լինի բարոյական ու պրոֆեսիոնալ կազմով, ովքեր տապակվում են ազգի դարդերով, ապա կարող ենք հրաշալի արդյունքներ գրանցել, բայց ողջ խնդիրը նրանում է, որ նման հեռանկարը հրաշքի կամ էլ ավելի ճիշտ՝ անհնար լինելու տպավորություն է թողնում։ Ասել Գորիկ Հակոբյանի՝ բացակայում է վստահությունն իշխանությունների նկատմամբ, ու ես բնավ վստահ չեմ, որ նոր Սահմանադրությունը բացառելու է, որ խորհրդարանում կհայտնվեն կիսագրագետ ու բռի թալանչիներ, ովքեր պարզապես կոճակ սեղմողի ու անիմաստ աղաղակ բարձրացնելու համար կլինեն։
Ու այս խնդիրն ավելի խորն է, քան Սահմանադրության այս կամ այն տարբերակը, որովհետև ես նույն մտավախությունն ունենալու եմ՝ անկախ նրանից, թե ինչ արդյունքներ կգրանցվեն հանրաքվեի արդյունքում։ Այնպես որ, հարցազրույցի մասով կարող եմ ասել, որ վատ չէր, հանրաքվեի մասով էլ՝ Այո՛: