ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ` գնդապետ Արտակ Բուդաղյանին և մայիսի 15-ին Նոյեմբերյանի զորամասերից մեկում վիրավորված Հրաչիկ Սարգսյանին տեսության: Այս մասին ASEKOSE.am-ի թղթակցին ասել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:Նախարարը հետաքրքրվել է նրանց առողջական վիճակով և շնորհավորել Հրաչին` ծննդյան օրվա կապակցությամբ:
Հիշեցնենք, որ հունիսի 2-ին, կեսգիշերն անց Գորիսում Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյան տան մոտ կրակոցներ են հնչել:Մարզպետի տան բակում սպանվել է «Վարարակն» ԲԲԸ փոխտնօրեն Ավետիք Բուդաղյանը, իսկ նրա եղբայրը` Արտակ Բուդաղյանը հարզենային վնասվածք է ստացել: Վերջինի վիճակը գնահատվում է կայուն ծանր:
Հիշեցնենք նաև, որ մայիսի 15-ին ժամը 15:30-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի պահակախմբի մուտքի դիտորդ, ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Ռաֆայելի Խաչատրյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոց էր արձակել, ինչի արդյունքում պահակախմբում ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Լյուքս Իշխանի Ստեփանյանը գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումից տեղում մահացել է, իսկ նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Հրաչյա Վաղինակի Սարգսյանը գլխի շրջանում ստացել էր հրազենային վիրավորում:
Այսօր Հրաչ Սարգսյանի ծննդյան օրն է: Նա դարձավ 19 տարեկան: